Ջորջ Սորոսը կոչ է արել Եվրոպային օգնել Թուրքիայի նախագահին

Օլիգարխը Թուրքիային հռչակել է ամենամարդասիրական երկիր, Ռուսաստանին՝ սպառնալիք

Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել Եվրոպային աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում․ «2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը ոչ միայն փորձում էր պահպանել իր հավատարիմ դաշնակից Բաշար Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում, այլև փորձում էր վերականգնել տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը, որը կորցրել էր ԽՍՀՄ փլուզումից հետո»։

Սորոսը նշել է, որ Վլադիմիր Պուտինը փորձել է օգտագործել Մերձավոր Արևելքի լարվածությունը և խախտել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում գոյություն ունեցող միջազգային իրավունքի նորմերը և ձեռքբերումները։ Սորոսը մեղադրում է Պուտինին 6 միլիոն մարդու փախստական դարձնելու մեջ։

«Ես կարծում եմ, որ Ասադն աշխարհի ամենաբռնարար ղեկավարն է՝ Իոսիֆ Ստալինից հետո։ Երբ նրա սեփական ազգն իր դեմ դուրս եկավ, նա՝ իր քաղաքացիական հակառակորդներին հնարավորինս վնաս տալու համար ռազմական ռազմավարություն մշակեց։ Ասադը միտումնավոր հարձակվեց հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների վրա՝ փորձելով սպանել և հաշմանդամ դարձնել նրանց, ովքեր հոգ էին տանում իր հակառակորդների մասին։ Նա օգտագործեց թունավոր գազ և քիմիական հարձակումներ կատարեց բախումների ժամանակ, ինչի արդյունքում մահացավ ավելի քան կես միլիոն մարդ։ Այդ ընթացքում Պուտինը նրան օդային ուժերով օգնություն էր ցուցաբերում, առանց որի Ասադը չէր կարող իրագործել իր ռազմավարությունը»։

Սորոսը մեղադրում է Ռուսաստանին հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ զավթելու մեջ՝ նշելով, որ Իդլիբը գրավելու նպատակներ ՌԴ-ն ունեցել է դեռևս 2019-ի ապրիլից։

Օլիգարխ Սորոսն իր հոդվածում նշել է, որ սիրիական քաղաքացիական հասարակությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես զեկուցել են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա եղած հարձակումների մասին։

Սորոսն իր հոդվածում Թուրքիայի կառավարությանը հռչակում է միակը, ով հոգ է տարել խաղաղ բնակիչների մասին․ «Միակ կառավարությունը, որը ձևավորել է  զինված ուժեր Իդլիբի խաղաղ բնակիչներին Ասադից և վերջինիս դաշնակից Ռուսաստանից պաշտպանելու համար Թուրքիայի կառավարությունն է։ Ռուսական ինքնաթիռների հարվածներն անցյալ ամիս  սպանել են 34 թուրք զինվոր։Սակայն, Թուրքիան չի համարձակվել հարձակվել ուղիղ Ռուսաստանի վրա, քանի որ ռուսական օդուժն ավելի հզոր է։ Ռուսաստանն ատոմային զենք ունի, իսկ Թուրքիան՝ ոչ։ Փոխարենը, Թուրքիան որոշել է պատասխան հարված հասցնել Ասադի ուժերին։ Ստացվում է, որ Պուտինը սպանության համար անպատիժ մնալով  հեռացավ»։

Սորոսը նշում է, որ դեռևս 2014 թվականին է կոչ արել Եվրոպային գիտակցել, որ  Ռուսաստանը սպառնալիք է․«Եվրոպան, որը կենտրոնացած է փախստականների հոսքը սահմանափակելու վրա, պետք է գիտակցի, որ Թուրքիան արդեն կրել է հիմնական հարվածը փախստականների մասով։ Թուրքիան արդեն ընդունել է մոտ 3,5 միլիոն փախստական իր երկրի սահմաններում, այն չի կարող Ասադի և Պուտինի կողմից դեպի իր սահմաններ ուղղվող ևս մեկ միլիոն փախստական ընդունել»։

Սորոսը նշում է, որ Եվրոպան Սիրիայի հարցում պետք է աջակցի Թուրքիային․ «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում։ Հույս ունեմ, որ դա հնարավորություն կտա Պուտինի ռազմական հանցագործությունները բերել  եվրոպական բանակցությունների կենտրոն»։

Աղբյուրը՝ analitik.am