«Նեզավիսիմայա գազետայի» հակահայկական հոդվածի խմբագիրներն ազատվել են աշխատանքից

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցևիչը և Անդրեյ Ռիսկինն աշխատանքից ազատվել են:

Rusarminfo.ru-ի տեղեկացմամբ, պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Նշենք, որ հոդվածը պարունակում էր ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև ընդհանրապես կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

Թերթի կայքէջ մուտք գործելիս երևում է, որ Արկադի Խանցևիչի և Անդրեյ Ռիսկինի փոխարեն արդեն նշված են այլ անուններ: Վերջիններիս անունները բացակայում են:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ: