Ստեփանակերտում կազմակերպվելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամը մարտի 20-ին նախաձեռնելու է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:

Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանը՝ ընդգծելով, որ այդ տոնը նշվում է աշխարհի ավելի քան 65 երկրներում:

Ֆրանսախոսության տոնի նպատակը ֆրանսերենի տարածումն է, ինչպես նաև քաղաքացիներին ֆրանսիական մշակույթին և քաղաքականությանը ծանոթացնելը:

«Ամեն տարի կենտրոնը Ֆրանսիայից հյուրեր է ընդունում՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումների միջոցով փորձում ենք հյուրերին ցույց տալ կենտրոն հաճախող ուսանողների գիտելիքները, ինչպես նաև նրանց ներկայացնում ենք արցախյան մշակույթը: Այս տարի՝ մարտի 20-ից սկսած, մեկ շաբաթում կրկին կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ: Ներկայացնելու ենք թատերական բեմականացում: Կկազմակերպվեն խաղ-մրցույթներ՝ ֆրանսիական գրականության, աշխարհագրության, երաժշտության և այլ ոլորտների, ինչպես նաև ֆրանսիական քաղաքակրթության վերաբերող թեմաների: Կլինեն նաև մուլտֆիլմերի և ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ևս կնպաստեն Արցախում ֆրանսերենի զարգացմանը: Այդ բոլոր միջոցառումները, անշուշտ, կնպաստեն Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդմանը»,- մասնավորապես ասել է Ն. Ավանեսյանը: