Իտալիան նոր կորոնավիրուսով վարակակիրների ու զոհերի թվով գերազանցել է Իրանին, խուճապի, այո, չպետք է մատնվել, բայց պետք է լինել զգուշավոր

Այսօր, ի թիվս Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքացիների, հեռախոսային հաղորդագրություն (SMS) ստացա ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Եթե վերջին 14 օրում եղել եք ՀՀ-ից դուրս, ունեք գլխացավ, հարբուխ, ջերմություն, հազ, դժվար եք շնչում, ապա դիմեք պոլիկլինիկա և հայտնեք այդ մասին. Թեժ գիծ 8003, 060 838300»:

Հասկանալի էր, որ հաղորդագրությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով հնարավոր հիվանդներին ժամանակին հայտնաբերելու, վարակի տարածումը կանխարգելելու նպատակն ունի: Այս կարևոր հաղորդագրությունը դեռ օրեր առաջ, հատկապես Իտալիայում և հարևան Իրանում COVID-19-ով հիվանդության մեծաթիվ դեպքերի և դրանց արագ աճի արձանագրումից հետո պետք է լիներ, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք:

Կարծում եմ, շատերին կհետաքրքրի, թե հաղորդագրությունն ինչո՞ւ է ուղղված վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս գտնված անձանց: Հասկանալի է, որ խոսքը հիմնականում COVID-19-ով վարակվելու առումով առավել ռիսկային երկրների մասին է` Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի քանակն ավելի մեծ է այլ երկրների համեմատ:

Հնարավոր չէ՞, որ մարդը վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս եղած չլինի, բայց ինչ-որ մեկից նոր կորոնավիրուսով վարակված լինի այստեղ և ունենա նշված ախտանշանները: Հնարավոր է: Բայց հաղորդագրությունը միայն ՀՀ-ից դուրս եղածներին ուղղելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին քննադատելը, կարծում եմ, արդարացի չի լինի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում այս պահին հազարավոր մարդիկ կան, որոնք կամ հարբուխ ունեն, կամ գլխացավ, կամ ջերմություն, կամ հազ, իսկ նրանցից որոշներն ունեն նշված բոլոր ախտանշանները միասին: Այս ախտանշաններն ունեցողների գերակշիռ մասը, ինչպես նախկինում տարիներ շարունակ, այնպես էլ այժմ պոլիկլինիկա չի դիմում: Անձամբ իմ շրջապատում այդպիսի բազմաթիվ անձինք կան: Եթե վերոնշյալ հաղորդագրությունն ուղղվեր նաև վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս չգտնված անձանց, ապա պոլիկլինիկաները պարզապես չէին դիմանա լիովին կանխատեսելի ծանրաբեռնվածությանը, չէին հասցնի բոլորին ստուգել, հնարավոր է նաև` խուճապ առաջանար:

Այնուհանդերձ, եթե վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս չեղած անձը ջերմության հետ միասին կունենա դժվարացած, ծանրացած շնչառություն կամ խեղդվելու զգացողություն, առավել ևս, եթե դրանց զուգահեռ, կունենա նաև մյուս ախտանշանները կամ վերջին շրջանում շփված կլինի Չինաստանից, Իրանից, Իտալիայից, ռիսկային այլ երկրներից եկած ինչ-որ մեկի հետ, պետք է դիմի պոլիկլինիկա: Կարծում եմ, այդպիսի անձանց քանակը մեծ չի լինի, և պոլիկլինիկաները կկարողանան նաև նրանց ստուգել:

Քանի որ հիշյալ կենտրոնի հաղորդագրության մեջ նոր կորոնավիրուսի հիմնական ախտանշանները` գլխացավ, հարբուխ, ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, միմյանցից տարանջատված են ոչ թե «կամ» շաղկապով, այլ ստորակետով, անորոշություն է առաջանում, թե վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս եղած անձը պոլիկլինիկա պետք է դիմի նշված ախտանշանների միաժամանակյա՞, թե՞ դրանցից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

Ինչպես պարզեցինք ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս եղած անձը պոլիկլինիկա պետք է դիմի նշված ախտանշաններից յուրաքանչյուրի առկայության դեպքում: Հասկանալի է, որ այս դեպքում ախտանշաններն իրարից «կամ» շաղկապով պետք է տարանջատվեին, որպեսզի անորոշություն չառաջանար կամ վերջին 14 օրում ՀՀ-ից դուրս եղած անձը սխալմամբ չկարծեր, թե պոլիկլինիկա պետք է դիմի միայն հիշյալ ախտանշանների միաժամանակյա առկայության դեպքում: Խնդիր կա նաև նշված ժամկետի հետ կապված: Ճիշտ է, COVID-19-ով հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը հիմնականում 14 օր է, սակայն կան նաև դեպքեր, երբ գաղտնի շրջանը տևել է 24 օր և նույնիսկ ավելի, հետևաբար գոնե Չինաստանում վերջերս եղած անձանց պարագայում պետք է ավելի մեծ ժամկետ նշվեր` 24 օր կամ 1 ամիս (Իրանում և Իտալիայում նոր կորոնավիրուսի ի հայտ գալու դեպքերը վերջին 14 օրվա շրջանակում են):

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

«Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի

Եթե վերադարձել եք երկրներից, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմել բժշկական օգնության` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճամփորդության մասին»:

Մարտի 3-ին նոր կորոնավիրուսի առնչությամբ հերթական հոդվածս պատրաստելու պահին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, ողջ աշխարհում COVID-19-ով վարակման հաստատված 91 320 դեպք էր արձանագրված, որից 80 151-ը` միայն Չինաստանում (մահվան 2945 դեպք): Այդ նույն պահին աշխարհում նոր կորոնավիրուսի զոհերի ընդհանուր քանակը հասել էր 3118-ի: Իրանում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերը 1501 էին (մահվան 66 դեպք), Իտալիայում` 2036-ը (մահվան 52) դեպք: Նույն օրը երեկոյան հոդվածիս հրապարակման պահին պաշտոնական նույն կայքում արդեն բոլորովին այլ թվեր էին հրապարակված. ամբողջ աշխարհում վարակման հաստատված դեպքերը հասել էին 92 312-ի, մահվան դեպքերը` 3131-ի, Իրանում վարակման հաստատված դեպքերի քանակն ավելացել էր մոտ 800-ով: Այսօր 15:33-ի դրությամբ նույն կայքում հետևյալ տեղեկություններն են` ողջ աշխարհում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 93 455-ի, զոհերինը` 3198-ի (ԶԼՄ-ներում զոհերի ավելի մեծ թիվ է հրապարակված` 3200):

Դարձյալ նույն ժամանակ հրապարակված ու պաշտոնական նույն կայքի տեղեկատվության համաձայն, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 80 270-ի (2981 զոհ), Իտալիայում` 2502-ի (79 զոհ), Իրանում` 2336 (77 զոհ), Հարավային Կորեայում` 5621-ի (28 զոհ): Շատ հնարավոր է, որ այժմ, երբ կարդում եք այս հոդվածը, նույն կայքում արդեն ավելի մեծ թվեր են հրապարակված: Խուճապի, այո՛, չպետք է մատնվել, բայց պետք է լինել զգուշավոր:

Արթուր Հովհաննիսյան