Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք. Վիտալի Բալասանյան

Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Նա նշել է, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է: «Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ես դիմում եմ Արցախի նախագահին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 1992 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել»: Արցախի նախագահն էլ, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել է»,- ասաց Վիտալի Բալասանյանն ու հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ:

«Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»,- նշել է Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այնուհետև պատասխանեց ընտրողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Արցախի խնդրին և իրենց կյանքում առկա դժվարություններին: Ասաց, թե իր ընտրվելու պարագայում որ խնդիրները կլուծվեն առաջնահերթ և ինչպիսի փոփոխություններ կլինեն: