ՀՔԾ-ն դադարեցրել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»–ի հարցմանը պատասխանել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

ՀՔԾ մամուլի խոսնակը նշեց, որ Զախարյանը և Լալայանցը կատարել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների») նախատեսված հանցավոր արարքներ.

«Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու մաս կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2 միլիարդ 990 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10 հազար քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

ՀՔԾ-ն որոշման օրինակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:

Օհանջանյանը նաև հայտնեց, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: