Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից

Երեկ լուր տարածվեց, որ ՌԴ համապատասխան ծառայությունների որոշմամբ՝ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի, ինչպես նաև նրա հիմնական աջակից Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է հինգ տարով։

Այս պահին պատճառի կամ առիթի մասին ճշգրիտ դատողություններ անելը բավական դժվար է։ Ավելին, դրանք հիմա կրում են առավելապես բամբասանքի բնույթ։

Այսուհանդերձ, եթե պաշտոնապես հաստատվի այս փաստը, ապա դա զգալի փոփոխություն կմտցնի Արցախում նախագահական ընտրությունների մրցավազքում։

Պարզ ասած, Մասիս Մայիլյանի հաղթելու, անգամ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորություն չի ունենալու: Ավելին, նույնիսկ քիչ թե շատ ձայն հավաքելն էլ անհավանական է թվում։ Խնդիրը շատ պարզ է։

Մինչև մարտի 31-ը բավարար ժամանակ է, որ արցախցին գիտակցի, որ երկիրը չի կարող ունենալ ՌԴ արգելված մուտքով նախագահ։ Սա ուղղակի նշանակում է պարզ անվտանգության խնդիր։ Չճանաչված Արցախի համար տարբեր մակարդակի ռուսական շփումները, խորհրդակցությունները կենսական նշանակություն ունեն։ Ընդ որում, այդ կենսանական նշանակության ճանապարհը միշտ օգտագործվել է Արցախի բոլոր նախագահների կողմից։

Սա սիրել-չսիրելու, նախընտրել-չնախընտրելու, ռուսամետ-արևմտամետի ընտրության հարց չէ։ Սա արցախցու համար պետական անվտանգության, անձնական, ընտանեկան անվտանգության խնդիր է դառնում։ Իսկապես, այս պահին պատճառների կամ առիթների թեման երկրորդական է։ Սա այն դեպքն է, երբ փաստը, կատարված փաստը՝ ամենակարևորն է։

Չի բացառվում, որ Ռուսաստանը որպես գերտերություն ուղղակի, առանց ավելորդ սեթևեթանքի, նման բաց տեքստով է հասկացնում իր դիրքորոշումը Արցախի ընտրությունների հարցում։ Սա ժամանակակից աշխարհի խաղի կանոններից է։

Այդ դեպքում մեր նման փոքր պետությունների (նկատի ունեմ Արցախի) խնդիրն է երբեք չհայտնվել գերտերությունների հակադրման տիրույթում։ Լրիվ հակառակը՝ անհրաժեշտ է անդադար գտնել խողովակներ սեփական շահը համադրելով խոշոր պետությունների շահերին ու ստանալ զարգացման և անվտանգության համար անհրաժեշ ռեսուրսներ։ Սպասենք այս լուրի պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»