Չկա՞ մեկը` Փաշինյանին բացատրի, հասկացնի, որ «դուխով»-ը համադարման չէ

Փաշինյանի խորհրդականների շարքում, կառավարությունում, վարչապետի քաղաքական թիմում չկա՞ որևէ մեկը, որը Նիկոլ Փաշինյանին բացատրի, հասկացնի, որ «դուխով»-ը նոր կորոնավիրուսի դեմ ո՛չ պատվաստանյութ է, ո՛չ էլ դեղամիջոց, հետևաբար անհրաժեշտ է երկրի ղեկավարին հարիր լրջմիտ մոտեցում արդեն համաշխարհային բնույթի այդ վտանգի նկատմամբ: Պարզվում է, չկա, կամ էլ վարչապետն անտեսում է նրանց խորհուրդները:

Դրվատանքի, խրախուսանքի է արժանի, որ ՀՀ կառավարությունը հաշվի առնելով վտանգը, թերևս նաև բազմաթիվ քննադատությունները, ս. թ. մարտի 2-ի թիվ 233-Ն որոշմամբ (ընդգծենք, որ այդ մասին հրապարակվել է այսօր` մարտի 3-ին) Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության սահմանափակման բացառությունների շարքից հանել է Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, յուրաքանչյուր բեռնատարի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ինչը նշանակում է, որ որոշման պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից Իրանից ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ու դրանց վարորդների մուտքը ՀՀ արգելվում է:

Վերոնշյալ արգելքն, անշուշտ, անհրաժեշտ էր ավելի վաղ, լավ է, որ գոնե հիմա այդ արգելքը սահմանվեց, բայց, բոլոր դեպքերում, այն դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է անհապաղ կարանտինացնել Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, որոնք վերջին օրերին Իրանից վերադարձել կամ առաջիկայում կվերադառնան ՀՀ, ինչպես նաև արգելել Իտալիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, թերևս նաև Ֆրանսիայից և Գերմանիայից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց (բացառությամբ այդ երկրներից պաշտոնական այցով ՀՀ ժամանող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների) ուղղակի թե մեկ այլ երկրից տարանցիկ մուտքը Հայաստան: Հակառակ պարագայում երբ այս առումով ՀՀ կառավարության և վարչապետի անգործությունը, Աստված մի արասցե, հանգեցնի ծանր հետևանքների և հանցավոր բնույթ ստանա, ողջ պատասխանատվությունն ընկնելու է նրանց վրա:

Ընդգծենք, որ այսօր առավոտ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, եթե Իրանում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1501-ի (մահվան 66 դեպք), ապա Իտալիայում այն շատ ավելին է` 2036 (որոնցից 52-ը մահացել են), ինչը վկայում է, որ այդ երկրից ՀՀ COVID-19-ի ներթափանցման ռիսկն ավելի մեծ է, քան Իրանից: Նույն տեղեկատվության համաձայն, Ճապոնիայում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 274-ի (չհաշված ճապոնական նավահանգստում խարսխված ու կարանտինում գտնվող ճամփորդական հայտնի զբոսանավում արձանագրված դեպքերը), Հարավային Կորեայում` 5186, Ֆրանսիայում` 191-ի, Գերմանիայում` 165-ի: Դարձյալ ըստ նույն տեղեկատվության, ողջ աշխարհում արձանագրվել է COVID-19-ով վարակման 91 320 դեպք, որից 80 151-ը` միայն Չինաստանում (մահվան 2945 դեպք): Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 75 երկրում, զոհերի ընդհանուր քանակը հասել է 3118-ի: Հայաստանին հարևան երկրներից Վրաստանում և Ադրբեջանում, պաշտոնական տեղեկությունների համաձայն, արձանագրվել է երեքական դեպք:

Նոր կորոնավիրուսի ներկայացրած վտանգի նկատմամբ ՀՀ իշխանությունների անլուրջ մոտեցման մասին է վկայում նաև հետևյալ փաստը.

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծվում նոր կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ այդ իսկ պատճառով, վիրուսի տարածումը կանխելու նպատակով, արգելում են հանրային վայրերում նարգիլեի օգտագործումը: Շատ էլ ճիշտ են անում

«Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,- գրել է Լենա Նանուշյանը:

Սա, իհարկե, անվտանգության նկատառումներով թելադրված, բայց ընդամենը կոչ է, որին նարգիլեից օգտվողները կարող են հետևել կամ չհետևել: Հավանաբար վերջինը, քանի որ Հայաստանում նարգիլեից օգտվողները հիմնականում Իրանի քաղաքացիներն են, որոնք հայերեն չգիտեն, իսկ մնացած մասը կազմող հայերն էլ առավելապես այն զանգվածը չեն, որոնք կարդում են առողջապահության նախարարի տեղակալի ֆեյսբուքյան գրառումները կամ հետևում են ԶԼՄ-ների հրապարակումներին: Իսկ ո՞ւր է ՀՀ առողջապահության նախարարության, կառավարության կամ պետական մեկ այլ պատկան մարմնի արգելքը հանրային վայրերում նարգիլեի օգտագործման վերաբերյալ:

Արթուր Հովհաննիսյան