Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականության գույքն օտարվել է մոտ 3 անգամ ցածր գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ:

Դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ, մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016 թ. նոյեմբերին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատում:

Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ի կողմից կազմվել է հաշվետվություն, որի համաձայն վերոնշյալ հասցեում գտնվող գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատվել է 17.5 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության 29.12.2016 թ. որոշմամբ սահմանվել է վերը նշված գույքը այլ գույքերի հետ միասին մրցույթով՝ գույքի գնահատված 75 տոկոսի չափով օտարելու  պահանջ, և նշված գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել 13 մլն ՀՀ դրամը: Նույն որոշմամբ նախատեսվել է, որ առաջին մրցույթի ժամանակ գույքի չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնել վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: Արդյունքում գույքը վաճառվել է 2-րդ մրցույթով, ըստ  2017 թ. սեպտեմբերին կնքված գույքի օտարման և գրավի պայմանագրի՝ 10.5 մլն ՀՀ դրամով:

Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն, համաձայն որի 2016 թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ վերջինիս շուկայական արժեքը կարող էր կազմել 33 մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավելի:

Պարզվել է նաև, որ ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքը գնահատողի կողմից դիտվել է բնակարան և համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու հիմքում դրվել են տվյալ տարածքում գտնվող բնակարանների վաճառքի գները:

Այսինքն ուսումնասիրությամբ արձանագրված տվյալները վկայում են, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, ՍՊԸ-ին պատվիրել են իրականացնել 185.3 քմ մակերեսով գույքի գնահատման աշխատանքներ: ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, ոչ բնակելի տարածքի գնահատման հիմքում դրել է բնակարանների վաճառքի գները, և այդ գնահատման արդյունքներով իրականացվել է մրցութային կարգով օտարման գործընթաց: Արդյունքում հնարավոր 33 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է մոտ 3 անգամ պակաս գնով։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության շրջանակներում դատախազը իր լիազորություններն իրականացնելիս ի հայտ են բերել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող չարաշահման  հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: