Եթե ապրիլին ավելի սրվի, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով լրագրողների այն հարցադրմանը, թե արդյո՞ք հնարավոր է հանրաքվեն հետաձգվի՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, ընդգծեց, որ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, քանզի դեռ մեկ ամիս ժամանակ կա, և չգիտենք, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը․ «Եթե ապրիլին ավելի սրվի, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մտահոգությանը, որ պետք էր նախապես միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ, քանի որ ամբողջ աշխարհում այն արագ տեմպերով տարածում էր գտնում, նշեց, որ միջոցներ ձեռք առնվում են, իսկ ինչ վերաբերում է Ծաղկաձորի հյուրանոցների դատարկ լինելուն՝ ընդգծեց․ «Երբ բարձրաստիճան պաշտոնյաները  գնացել էին Ծաղկաձոր, բոլորովին այլ պատկեր էր»։

Կաթողիկոսի հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման մասին Հրաչյա Հակոբյանն ասաց, որ խոսել են հասարակություն-եկեղեցի կապերի մասին, թե ինչպես կարող է իշխանությունն օժանդակել եկեղեցու միջոցառումներին։

«Մտահոգություններ հայտնել ենք թե մենք, թե կաթողիկոսը, բայց հանդիպումը անցել է շատ ջերմ, կառուցողական մթնոլորտում»,- հավելեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում