Կորոնավիրուսը բուժելի է, թեև շատ արագ և մեծ շառավղով է տարածվում. «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար

Կորոնավիրուսը բուժելի է, թեև շատ արագ և մեծ շառավղով է տարածվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Հարցին՝ մարդու առողջության համար կորոնավիրոսը վտանգավո՞ր է, թե ոչ, Գրիգորյանը նշեց՝ վտանգավոր է: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն իսկ կորոնավիրուսը դասել է «Բ» խմբի վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններն են: Այն շատ արագ և մեծ շառավղով է տարածվում է՝ կարճ ժամանակահատվածում ախտահարելով մեծ թվով մարդկանց»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց՝ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ դեպքերի մեծամասնությունում այն անցնում է որպես միջին ծանրության ռեսպիրատոր հիվանդություն, և պարզ կանոններին հետևելու դեպքում հնարավոր կլինի խուսափել հիվանդության տարածումից:

Գրիգորյանըն նշեց, որ հիմնավոր չեն նաև այն դիտարկումները, թե կորոնավիրուսով երեխաները չեն վարակվում: «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարը նշեց, որ երեխաների վարակման դեպքեր ևս կան, հետևաբար դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների փակումը արդարացված որոշում է:

Գրիգորյանը նաև պնդեց, որ սխալ են մի խումբ պաշտոնյաների հայտարարությունները, թե կորոնովիրուսի դեպքում կարանտինը արդարացված և էֆեկտիվ միջոց չէ: «ԱՀԿ փորձագետները միահամուռ եկել են այն եզրակացության, որ եթե Չինաստանում ստիպողական կարանտին չլիներ, տարածումն ու զոհերը լինելու էին շատ ավելի»,- ասաց նա:

Անդրադառնալով դիմակների արդյունավետությանը՝ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է որոշակիորեն արդյունավետ լինել: