Իրանի հետ ժամանակավորապես կվերականգնվի վիզային ռեժիմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

«Հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:

Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, բոլորը անհրաժեշտ և հասու միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների, և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Նախ այն հայրենակիցները, ովքեր որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի և եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկների և սպասել պատասխաններին: Իհարկե, հիմա պարզ է, որ վերջին օրերին, երևի նաև ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք»,-ասել է վարչապետը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների մասին ավելի մանրամասն՝ այստեղ