Այս պահին շուկայում ախտահանիչ նյութերի խնդիր չկա. ՏՄՊՊՀ նախագահ

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո մեր քաղաքացիներից շատերը սկսեցին դիմակներ և մեծ քանակությամբ ախտահանիչ նյութեր գնել, նույնիսկ խանութներից մի քանի շաբաթվա սննդի պաշար են կուտակում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ ախտահանիչ նյութերի խնդիրն առաջացել է վերջին 1-2 օրում, իսկ շաբաթ-կիրակի օրերին մատակարարում չի եղել:

«Որևէ գործարար չէր սպասում, որ ալկոգելի այսքան պահանջարկ կլինի, դրա համար համապատասխան ծավալով չէին աշխատում: Այս պահին շուկայում ախտահանիչ նյութերի խնդիր չկա: Որևէ մեկը գին չի բարձրացրել»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը, հավելելով, որ արտադրողները ՏՄՊՊՀ-ին հաղորդել են, որ գին բարձրացնել չեն պատրաստվում:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ախտահանիչ նյութեր արտադրող երեք ընկերություն կա, որոնք այս պահին աշխատում են շուկան ախտահանիչ նյութերի անհրաժեշտ ծավալով ապահովելու համար:

Երեկ քաղաքացիները նաև ասում էին, որ դեղատներում յուրաքանչյուր հաճախորդի մեկ ախտահանիչ նյութից ավելին չեն վաճառում: Հարցին, թե՝ հրահանգ կա՞, թե դա դեղատների ներքին քաղաքականությունն է:

«Հրահանգ չի եղել, բայց կա դեղատների ներքին որոշում: Մենք այդ մասին տեղյակ ենք: Դա կապված է բումի հետ, որովհետև մարդիկ ուղղակի գրոհում էին և տոպրակներով դիմակ ու գել էին ուզում»,- պատասխանել է Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը նաև հորդորում է քաղաքացիներին սուպերմարկետներից ու վաճառքի կետերից մեծ քանակությամբ սնունդ չգնել: Վստահեցնում է՝ որևէ ապրանքի մասին անհանգստանալու կարիք չկա:

Իսկ ինչ վերաբերում է Իրանից բեռների սահմանափակման արդյունքում շուկայում առաջացող հնարավոր խնդիրներին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Իրանից չկա այնպիսի ծավալով ներկրվող ապրանք, որը շուկայում դեֆիցիտ առաջացնի, ու դա վերաբերում է նույնիսկ դիզելին: