«Սպասում ենք 9 թեստերի պատասխանների և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք». Նիկոլ Փաշինյան

Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարությունում  կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքը նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետև ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում է, ուղղակի հեռուստացույց է նայում»,- ասաց Փաշինյանը: