Թուրքիան հայտնել է Սիրիայում նոր ռազմագործողության` «Գարնանային վահանի» մեկնարկի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներից հետո հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական օպերացիայի՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:

Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից թուրքական զինուժը հաջող ընթացքով շարունակում է իր ռազմագործողությունը:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, նախարարը նշել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Նաև պնդել է, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն ունի 2212 զոհ:

Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել կտան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունը կօգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:

«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող: