Նոր կորանավիրուսն արդեն շրջապատել է Հայաստանը, զգուշացեք քայլող կենսաբանական զենքերից

Նոր կորոնավիրուսի (COVID-2019) առավել վտանգավոր լինելու մասին երեկ իրազեկվեց լայն հասարակությունը: Հոնկոնգում մասնագետները թեստի արդյունքում պարզել են, որ վարակը ոչ միայն կենդանիներից ու մարդուց է փոխանցվում մարդուն, այլև հակառակը` մարդուց փոխանցվում է նաև կենդանուն: Փաստորեն հաստատվեց այս կապակցությամբ ավելի վաղ հրապարակված մեր ենթադրությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Հոնկոնգում թեստի արդյունքում հաստատվել է սեփականատիրոջ կողմից կորոնավիրուսով շան վարակման դեպքը: Կորոնավիրուսով ախտորոշված ​​սեփականատիրոջ հոսպիտալացումից հետո շունը կարանտինացվել է: Վիրուսի հետքերը հայտնաբերվել են կենդանու արյան մեջ, շան մոտ ուղեկցող ախտանիշեր չեն եղել: Անասնաբույժները շարունակում են վերահսկել շան վիճակը:

Մարդկանցից կենդանիների վարակվելն էլ ավելի դժվար է դարձնում համաճարակի հետագա տարածման դեմ պայքարը: Եթե մարդն իր մոտ հիվանդության այս կամ այն ախտանշանի ի հայտ գալու դեպքում, ի տարբերություն կենդանու, դիմում է բժշկի, կարանտինացվում, եթե մարդու մոտ COVID-2019-ով վարակվածություն հայտնաբերելու դեպքում, մասնագետները, ինչպես վերը նշված դեպքի պարագայում, կարանտինացնում են նաև նրա պահած կենդանուն կամ կենդանիներին, ապա անհնար է գտնել ու կարանտինացնել այն թափառական շներին, կատուներին, որոնց հետ վարակված անձը, մինչև իր մոտ նոր կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալը և իր մեկուսացումը, կարող է շփված լինել: Վարակված թափառական շներն ու կատուներն այդպիսով վերածվում են կենսաբանական զենքի, քայլող կենսաբանական «ռումբերի», որոնք կարող են իրենց հետ շփվող շատուշատ մարդկանց վարակել:

Ի տարբերություն մի շարք երկրների, որտեղ թափառական շներ ու կատուներ գրեթե չկան կամ չկան, իսկ որոշներում էլ մարդիկ, նույնիսկ մինչ COVID-2019-ի ի հայտ գալը, զգուշանալով այլ վարակներով վարակվելուց, այդ կենդանիների կծելուց, ճանկռելուց, նրանց հետ չէին շփվում ու չեն շփվում, Հայաստանում այդպիսի կենդանիները շատ են, մենք էլ հաճախ նրանց սիրում ու կերակրում ենք: Սա, իհարկե, բարի և կենդանասեր լինելու առումով դրականորեն է բնութագրում մեր ազգին, բայց եթե Հայաստանում, Աստված մի արասցե, նոր կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվի, համարեք խստիվ հակացուցված, հնարավորինս հեռու մնացեք թափառական շներից ու կատուներից: Նկատի ունենանք, որ նոր կորանավիրուսն արդեն շրջապատել է Հայաստանը, իրանից և Ադրբեջանից բացի, այն արձանագրվել է նաև Վրաստանում:

Չինացի գիտնականները COVID-2019-ի հարուցած ոչ տիպիկ թոքաբորբից մահացած 52-ից 80 տարեկան 11 հիվանդների դիահերձման արդյունքների հիման վրա եզրակացրել են, նոր որ տեսակի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը հիմնականում խոցում է թոքերը, բայց կարող է ազդել նաև սրտի աշխատանքի վրա: Ըստ գիտնականների, հասկանալու համար, թե ինչպես է վիրուսային թոքաբորբը ազդում երիկամների, ուղեղի, փայծաղի և մարսողական համակարգի գործունեության վրա, անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ռուսներին կոչ է արել նվազեցնել ճանապարհորդություններն արտասահման: Ըստ Աննա Պոպովայի, այսօր Ռուսաստանը լքելու ժամանակը չէ: Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է հանդես գան նմանաբնույթ կոչով, ինչո՞ւ են հապաղում…

«РИА Новости»-ի տեղեկացմամբ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, որ ռուսաստանցիները, որպես նոր կորոնավիրուսի դեմ պաշտպանության միջոց, պետք է նվազագույնի հասցնեն ճանապարհորդությունն արտերկիր: Նա նաև խորհուրդ է տվել պահպանել վարակի դեմ պայքարի հիմնական կանոնները` վերահսկել ձեռքերի և օգտագործված բոլոր իրերի մաքրությունը, դեմքը ջրով լվանալ, օրվա ընթացքում մի քանի անգամ լվանալ քթի խոռոչները, մարդաշատ վայրերում կրել դիմակ, որը կարող է նաև պաշտպանել նաև սեզոնային գրիպից, որի դեպքերն այժմ շատ են, հիվանդության նույնիսկ չնչին ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, սահմանափակել սիրելիների հետ շփումը, ուտելու և խմելու համար օգտագործել առանձին, անհատական սպասքեղեն:

Այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 85153-ի: Չինաստանից բացի, վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի ավելի քան 50 երկրներում, վերջինը` Կատարում: Նշվում է, որ հիվանդների մեծ մասը՝ 2931 հոգի, հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Ճապոնիայում ՝ 931, իսկ Իտալիայում՝ 888, Իրանում 593-ի: Նոր կորոնավիրուսի հետևանքով հարևան երկրում արձանագրվել է մահվան 43 դեպք: Վերջին տվյալների համաձայն, Չինաստանում COVID-2019-ով վարակման դեպքերի թիվը մոտենում է 80 000-ի, զոհերինը` ավելի քան 2800-ի:

Արթուր Հովհաննիսյան