Ավանդական հասարակության ամրապնդումը. հակազդում «Օվերտոնի պատուհանին»

Առիթ ունեցել ենք խոսելու նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար: Այդ տեխնոլոգիաներից հատկապես անդրադարձել ենք, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան» -ին: Այն, ինչպես գիտենք, հանրության կողմից ընդունված արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի փոփոխման տեխնոլոգիա է, որի շնորհիվ հնարավոր է օրինական դարձնել բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի և մերժելի շատ երևույթներ:

Այդուհանդերձ պետք է փաստել, որ ինչպես ցանկացած թույն ունի հակաթույն, այնպես էլ գոյություն ունեն Օվերտոնի պատուհանին հակազդելու հնարավոր մեխանիզմներ:

Օվերտոնի պատուհանի «հաջողությունը» մարդ-հասարակություն ավանդական փոխհարաբերությունների միջև եղած սողանցքներն են: Այն ի հայտ է գալիս, երբ հասարակական պատասխանատու ինստիտուտները՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի ևն, ձախողում են համակողմանի և ներդաշնակ մարդ ձևավորելու իրենց առաքելությունում:

Հետևաբար, նվաճման տեխնոլոգիաներին հակազդելու համար անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացու անձնային և ազգային որակները, որոնք տարբեր պատճառներով չեն զարգացել մինչ այդ:

Կարևոր է արժևորել նաև այն հանգամանքը, որ հասարակության մեջ առկա ավանդական արժեքները ոչ թե սոսկ մնացուկներ են, այլ քաղաքացու առողջ սոցիալականացման երաշխիքներ: Դրանք են ապահովում մարդու ներդաշնակ ինտեգրումը ժամանակակից աշխարհում՝ առանց սեփական արմատներից կտրվելու: Հենց սեփական մշակութային ժառանգության յուրացումն է թույլ տալիս ձևավորել ինքնաճանաչ մարդ, ով գիտակցում է իր պատկանելիությունը տվյալ հասարակությանը և դրանում իր տեղը, դերն ու նշանակությունը:

Ինքնագնահատական.

Օվերտոնի պատուհանին դիմագրավելու առաջին պայմանը քաղաքացու առողջ ինքնագնահատականն է, որը բնորոշվում է հասարակական պահանջմունքների և սեփական հայացքների հավասարակշիռ փոխհարաբերությամբ: Մեծամասամբ մարդիկ ձգտում են վերածվել, այսպես կոչված, «ընդունելի» անհատների: Այն պահից սկսած, երբ մարդը իր բնատուր առանձնահատկությունները փոխարինում է «ընդունելի» լինելու ջանքերով, նա սեփական «ես»-ը աստիճանաբար հանձնում է արտաքին և օտար կառավարման: Արդյունքում, լավագույն դեպքում, մարդը հարմարվում է թելադրվող նորմերին՝ ընդունված լինելու համար, վատագույն դեպքում՝ ենթարկվում է բազմապիսի մանիպուլյացիաների:

Հանդուրժողականություն.

Ժամանակակից աշխարհում Օվերտոնի պատուհանի շնորհիվ հանդուրժողականությունը վերածվել է ամորֆ հասկացության, որի մեջ ներդրվել են մերժելի որակներ: Հանդուրժողականությունը չի կարող դիտվել որպես խտրականության հականիշ կամ հրաժարում սեփական արժեքներից՝ հանուն կասկածելի գաղափարների: Հանդուրժողականությունը պետք է ներկայացնել և մատուցել միայն որպես բնական համբերատարության զգացում, որը կարող է և սպառվել՝ անառողջ դրսևորումների դեպքում: Պակաս կարևոր չէ նաև անհանդուրժողականության դրսևորումը ագրեսիվ արտաքին էքսպանսիայի և ազգային նկարագրին սպառնացող երևույթների նկատմամբ:

Էվֆեմիզմ.

Օվերտոնի պատուհանում սկզբունքային դեր ունի էվֆեմիզմը, որն իրենից ներկայացնում է նույն երևույթի բնորոշումը ավելի թույլ կշիռ ունեցող բառերով կամ արտահայտություններով: Անհրաժեշտ է գրավոր և խոսակացական բառապաշարում չխուսափել երևույթներն իրենց անուններով կոչել: Կարևոր է նաև, որևէ տեղեկատվություն ստանալիս կենտրոնանալ ոչ թե զուտ արտահայտությունների, այլ դրանց խորքում պարունակվող իմաստների վրա:

Խմբային պատկանելիություն.

Ցանկացած մարդ ունի բնածին պահանջ, ձգտում՝ հանդիսանալ մարդակային որևէ խմբավորման, հանրույթի անդամ: Քանի որ այն կրում է հիմնարար բնույթ, ուստի Օվերտոնի պատուհանում վերածվում է մանիպուլյացիոն հնարքի: Հետևաբար, պետք է ոչ թե պայքարել մարդկային այդ ձգտման դեմ, այլ մարդուն ցույց տալ այն իրական հանրույթը, որին արժե պատկանել: Այս դեպքում, օրինակ, «մեր հասարակությունը բավականաչափ ժողովրդավար չէ միասեռ ամուսնություններն ընդունելու համար» արտահայտությունը կստանա այլ տեսք և կարող է հնչել այսպես. «միասեռ ամուսնությունները չեն համապատասխանում մեր հասարակության հիմնարար աշխարհայացքին, որպեսզի վերածվեն նրա արժեքային բաղադրիչի»:

Հեղինակավոր կարծիք.

Մարդու հիմնական առանձնահատկություններից մեկը հեղինակություններ փնտրել և ստեղծելն է: Քանի որ հեղինակությունը դա հասարարական հարաբերությունների արգասիք է, ուստի Օվերտոնի պատուհանը կարողանում է հատուկ քարոզչության շնորհիվ ձևավորել կեղծ հեղինակություններ: Ամեն անգամ, երբ, օրինակ, էկրանից ներկայացվում է որևէ գործիչ, ում վերագրվում են բազմապիսի գրավիչ որակներ, փորձեք մի պահ մտածել՝ արդյո՞ք տվյալ մարդը կարող է հեղինակավոր լինել հենց ձեզ համար: Փորձեք անընդհատ ստուգել՝ արդյո՞ք տվյալ անձը նույնքան հեղինակավոր կարող է լինել, եթե չլինի նրա շուրջ ձևավորված քարոզչական աղմուկը:

Օրենսդրություն.

Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիայում կարևորագույն դեր ունի դրա եզրափակիչ ակտը՝ արտաքին արժեքային համակարգը օրենքի ուժով պարտադիր դարձնելը: Նման դրսևորումից խուսափելու համար կարևոր է, որպեսզի ղեկավար պաշտոններում անձանց ընտրելիս հաշվի առնվեն նրանց բարոյական որակները, ազգային և պետական մտածողությունը: Նշենք, որ ցանկացած, նույնիսկ իդեալական օրենսդրական համակարգ ունի անխուսափելի բացեր և հակասություններ, որոնք հնարավոր է կիրառել անցանկալի և վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու համար:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արտաքին արժեքային նվաճմանը դիմագրավելու համար նախ հարկ է ունենալ բարոյապես և գիտակցորեն ուժեղ քաղաքացիներ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և դեպի ուր են շարժվում:

Հ.Գ. Ճանապարհից դուրս, գեղատեսիլ թփուտներում միշտ օձն է դարանակալում:

Վահե Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Ավանդական հասարակության ամրապնդումը.հակազդում «Օվերտոնի պատուհանին» Առիթ ունեցել ենք խոսելու նվաճման մանիպուլյատիվ…

Опубликовано Artur R Tovmasyan Суббота, 29 февраля 2020 г.