Թուրքիան կարող է «ապտակներ ստանալ բոլոր կողմերից»․․․

Ժամանակակից թուրքական սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես կարելի է նկատել, լուրջ փորձության է ենթարկվում: Եվ ոչ միայն Սիրիայում. սիրիական պատերազմը ընդհանրապես առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Եվ մենք առանձին կանդրադառնանք Սիրիայում Թուրքիայի անախորժությունների խնդրին:

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում թուրքերի հետ, օրինակ՝ Լիբիայում, որտեղ Էրդողանն ուղարկել է Իդլիբից ահաբեկիչների մի մասին և թուրքական հատուկ ջոկատայիններին: Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի զորքերը, իմանալով, որ թուրքերը զենքով և զինամթերքով բեռնված նավ են ուղարկել թուրքամետ Ֆաիզ Սարաջի՝ այսպես կոչված, «ազգային համաձայնության կառավարության» ղեկավարի համար, ոչնչացրել են այդ նավը: Ավելին, լիբիացիները հայտնել են, որ մարտերում զոհվել են առնվազն 13 թուրք զինվորական և տասնյակ թուրքամետ ահաբեկիչներ: Էրդողանին ակնհայտորեն տհաճ էր: Ընդ որում այնքան տհաճ, որ վերջերս այցելելով Բաքու, Թուրքիայի նախագահը դժվարությամբ է խոստովանել, որ, Լիբիայում, իսկապես, սպանվել են թուրք զինվորականներ: Բայց թուրքական հին սովորության համաձայն, սպանված թուրքերի թիվը իջեցրել է մինչև երկուսի: Իսկապես, ամոթալի կլիներ Թուրքիայի «կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի մայրաքաղաքում խոստովանել, որ ֆելդմարշալ Հաֆթարի կիսաանզեն Լիբիայի ազգային բանակը հանգիստ գրոհի է ենթարկում և սպանում մինչև ատամները զինված թուրք զինվորականներին և թուրքերի կողմից պատրաստված գլխակեր-ահաբեկիչներին…

Բայց դա Անկարայի համար դժբախտության կեսն է: Ավելի վատն այն է, որ Սիրիայում և Լիբիայում անախորժությունների հետ գրեթե միևնույն ժամանակ Թուրքիայում սկսում են բացասական բևեռներ ձևավորվել Հարավային Ասիայի և Եվրոպայի քաղաքականության մեջ: Հակամարտությունը Եվրոպայում, ըստ էության, տհաճ հետևանքների շարունակությունն է, որոնք պայմանավորված են Անկարայի միջամտությամբ… մասնավորապես աֆրիկյան Լիբիայի գործերին: Վերջերս Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) բացահայտել է, որ դաշինքի անդամ երկրների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև հակասությունները չեն թուլացել: Վեհաժողովում իր առարկությունը պաշտոնապես հայտնել է ՆԱՏՕ ԽՎ Հունաստանի պատվիրակությունը: Հույն պատվիրակներին վրդովեցրել են ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի գործողությունները, ով որոշել էր հնարավորինս «պաշտպանել» Թուրքիայի ներկայացուցիչներին հույներից: Հունաստանի պատվիրակությունը փորձել է բարձրացնել Թուրքիայի և Լիբիայի միջև համաձայնագրի հարցը, որը Աթենքը համարում է միջազգային իրավունքի և Հունաստանի ինքնիշխանության իրավունքների խախտում: Աթենքը պահանջում է չեղարկել Թուրքիայի և լիբիական «ազգային համաձայնության կառավարության» պայմանագիրը, որի շրջանակներում խոսքը ոչ միայն ռազմական համագործակցության, այլև ծովային գոտիների սահմանազատման մասին է: Հունաստանը համոզված է, որ Թուրքիան իր գործողություններով խախտում է միջազգային իրավունքը նաև այն ժամանակ, երբ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) հորատում է անցկացնում այն վայրերում, որոնք նավթային հետազոտությունների միջազգային մրցույթում փոխանցվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավթային ընկերություններին, ներառյալ Ֆրանսիային և Իտալիային: Այնուամենայնիվ, երբ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեսպանի ելույթից հետո հույները փորձեցին տեղեկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Թուրքիայի անօրինական գործողությունների մասին, ժողովի նախագահը համառորեն փորձել է խանգարել Հունաստանի դիրքորոշումը ներկայացնելուն՝ պարբերաբար ընդհատելով պատգամավորներին: «Նախագահը համակարգված ընդհատում էր մեր ելույթներն ու հարցերը` միջամտելով մեր դիրքորոշումների ներկայացմանը: Քանի որ մեզ ընդհատում էին, մենք ավարտեցինք մեր ելույթները, և պատվիրակությունը դուրս եկավ դահլիճից՝ ի նշան բողոքի՝ քննադատելով ներկայիս նախագահին»,- ասվում է Հունաստանի պատգամավորների հայտարարության մեջ:

Դե, Թուրքիայի համար այդ բոլորը ոչինչ էին. ի վերջո, դրա հետևում թաքնված են ԱՄՆ և ամերիկյան վառելիքի ու էներգետիկայի մենաշնորհների «ականջները»: Բայց՝ պարադոքս՝ հանկարծակի Հունաստանին և Կիպրոսին սատարել է Ֆրանսիան: Ֆրանսիան իր ռազմանավերը կուղարկի Հունաստանին օգնության, որպեսզի ստիպի Թուրքիային լքել Միջերկրական ծովի Արևելյան մաս ու դադարեցնել հետախուզական հորատումը տարածաշրջանում, հայտնում է «Turkish Minute» հրատարակչությունը՝ վկայակոչելով «Middle East Monitor» կայքը: «Հունաստանը և Ֆրանսիան ձգտում են հասնել նոր ռազմավարական պաշտպանական կառույցի»,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո: Միևնույն ժամանակ, Միցոտակիսը ֆրանսիական նավերն անվանել է Միջերկրական ծովի Արևելյան մասի «խաղաղության երաշխավորներ»:

Եվ ահա մեկ այլ բան՝ այցելելով Պակիստան և Քաշմիրում տիրող իրավիճակի մասին անզգուշորեն խոսելով, Էրդողանը բարկացրել է նաև Հնդկաստանին: Այս երկրի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել կտրուկ դեմարշով, որում կոչ էր անում Թուրքիային «չխառնվել Հնդկաստանի ներքին գործերին»: Ավելին, Հնդկաստանը նախազգուշացրել է Անկարային, որ չփորձի արդարացնել Պակիստանի կողմից այդպիսի բացահայտ միջսահմանային ահաբեկչությունը: Դելիում Թուրքիայի դեսպանին կանչել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան առարկություն են ներկայացրել՝ կապված Քաշմիրի հարցում Էրդողանի հայտարարությունների հետ։ «Թուրքիայի նախագահի դիտողությունները չեն արտացոլում ոչ պատմության ընկալումը, ոչ էլ դիվանագիտության էությունը», – հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ը: Հրավիրում ենք ընթերցողների ուշադրությունը․ Հնդկաստանը դարձել է երրորդ երկիրն աշխարհում, Ռուսաստանից և Իրանից հետո, որը պաշտոնապես մեղադրում է Թուրքիային ահաբեկչությանն աջակցելու հարցում: Բացասական կարծիքների հանրագումար է հավաքվում Էրդողանի մոտ: Թվում է, թե շուտով նաև Չինաստանն է հիշեցնելու ահաբեկիչների հետ Թուրքիայի կապի մասին: Իսկ Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան կարող են գտնել Անկարայի վրա ճնշում գործադրելու հավելյալ պատճառներ:

Արդյո՞ք ժամանակը չէ «տապալել» Էրդողանի նեոօսմանական սուլթանությունը:

Սերգեյ Շաքարյանց