Հինգ պատճառ, թե ինչու Իդլիբում պարտվելու դեպքում Էրդողանը կփորձի ապակայունացնել իրավիճակն Արցախում. Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Իդլիբում իրավիճակի սրմանն ու ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացմանը:

Հոդվածն ամբողջությամբ ստորև.

«Իրավիճակի սրումը Իդլիբում քննարկումների առիթ դարձավ, թե կսկսվի՞ արդյոք 17-րդ ռուս-թուրքական պատերազմը արդեն մեր օրերում:

Միջազգային դիտորդների մեծ մասի կարծիքով, դա քիչ հավանական է: Սակայն, մյուս կողմից, գրեթե բոլորն են համաձայն, որ այս երկու երկրների միջև պատերազմական գործողությունները կարող են ընթանալ իրենց պրոքսի-ուժերի կողմից Լիբիայում, Սիրիայում կամ Կովկասում:

Մեր կարծիքով, Իդլիբում իրավիճակն այն աստիճանի է սրված, որ կողմերն այլևս զիջումների տեղ չունեն:

Սիրիական բանակն արդեն նվաճել է Իդլիբ մարզի փաստացի 50 տոկոսը, և նրա նպատակն է լիակատար վերահսկողության տակ վերցնել Մ5 և Մ4 մայրուղիները: Հիշեցնենք, որ Մ5 մայրուղին կապում է Հալեպը Դամասկոսի հետ, ինչը անչափ կարևոր է երկրի միասնականության վերականգման համար: Իսկ Մ4 մայրուղին կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Առանց դրա Հալեպը կտրված կմնա ծովից, իսկ Լաթակյան էլ՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքից: Սակայն Մ4 մայրուղին անցնում է այդ մարզի մեջտեղով, և, ուրեմն, սիրիացիները դատապարտված էին անտեսել 2018 թվականի Սոչիի համաձայնությունները: Արդյունքում, այս պահի դրությամբ թուրքական դիտորդական մի շարք կետեր հայտնվել են մի գոտում, որն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ: Հասկանալի է, որ դա ոչ նորմալ իրավիճակ է: Կամ թուրքերը պետք է նահանջեին արդեն գրավված տարածքներից, կամ էլ թուրքական պրոքսի ուժերը պետք է փորձեին հետ վերցնել կորցրած տարածքները: Բնականաբար, թուրքերը փորձեցին երկրորդ ուղով գնալ, ինչի պատճառով հայտնվեցին օդուժի ռմբակոծությունների տակ, և որի արդյունքում էլ առաջացել է այս լարված իրավիճակը:

Այն, թե ինչու սիրիացիները չեն կարող կամովին հանձնել իրենց կողմից գրավված տարածքները, հասկանալի է: Իսկ թե ինչու Էրդողանը չի կարող նահանջել, փորձենք վերլուծել առանձին:

Հինգ պատճառ, թե ինչու Էրդողանը Իդլիբում հետնահանջի ճանապարհ չունի

Պատճառ 1–ին

Սիրիական ուղղությունն Էրդողանի համար կարևորագույններից է: Նա կարողացավ «մաքրել» Սիրիայի հյուսիսը քրդերից: Այսօր փաստացի վերահսկում է Սիրիայի հյուսիսային մասում ավելի քան 6 հազար քմ տարածք՝ չհաշված Իդլիբի մարզը: Նա փաստացի համաձայնել է Մոսկվայի հետ կիսել Սիրիայի տարածքները ըստ ազդեցության գոտիների՝ ստանալով այդ երկրի հյուսիսը, փոխարենը հրաժարվելով Ասադի ռեժիմը տապալելու ծրագրերից: Հիմա, ըստ նրա, Պուտինը փաստացի դրժում է իր խոստումը՝ վատ վիճակի մեջ գցելով Էրդողանին:

Պատճառ 2–րդ

Հրաժարվելով աջակցել Սիրիայի սուննի արաբներին և գործարք կնքելով Մոսկվայի հետ՝ Էրդողանն արդեն հասցրել էր «դավաճանի» պիտակ ստանալ նրանցից: Հրաժարվելով Իդլիբից՝ Էրդողանը կարող է դավաճանի պիտակ ստանալ արդեն Թուրքիայի կրոնամոլ շրջանակների կողմից, որոնք համարվում են նրա քաղաքական հիմնական հենարանը երկրի ներսում:

Պատճառ 3–րդ

Եթե Էրդողանը համակերպվի Ասադի կողմից Իդլիբի հնարավոր գրավման հետ, ապա այդ մարզի 4 միլիոնանոց բնակչությունից առնվազն 25 տոկոսը կփորձի տեղափոխվել Թուրքիա: Իսկ այսօր արդեն Թուրքիայում կա մոտ 3 մլն փախստական, որոնց առկայությունը խիստ նյարդայնացնում է թուրք հասարակությանը և հատկապես նրա աշխարհիկ մասին: Իսկ դա կարող է բերել նոր ճգնաժամի, որը հաստատ Էրդողանի օգտին չի լինի:

Պատճառ 4–րդ

Եթե Էրդողանը զոհաբերի սուննի արաբների շահերը Սիրիայում, ապա ոչ միայն կփլվի իր նեոօսմանյան գաղափարախոսությունը, այլև ի դեմս այդ գաղափարախոսության անկեղծ հավատացողների՝ կստանա ոխերիմ թշնամիների մեծ ճամբար, որոնք չեն ների «դավաճան Էրդողանին»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Էրդողանը գաղափարապես կավարտվի որպես գործիչ: Իսկ ինչպես հայտնի է, գաղափարապես ավարտված գործիչը հաջորդ քայլում կորցնում է իր իշխանությունը:

 Պատճառ 5–րդ

Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում արդեն անկում է ապրում: Վկան՝ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրությունների արդյունքներն էին, որտեղ, ինչպես հայտնի է, պարտվեց Էրդողանի համակիրը: Թուրքիայի աշխարհիկ շրջանակները մերժում են Էրդողանին: Վերջինին մերժում է նաև Արևմուտքը: Հատկապես 2016-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իր բոլոր հույսերը կապել էր Պուտինի հետ: «Թուրքական հոսքն» ու Ս-400–ի գնումը վերջնականապես են փչացրել Էրդողանի հարաբերությունները Արևմուտքի հետ:

Այդ իսկ պատճառով, եթե Էրդողանը պարտվի Իդլիբում, ապա նա կպարտվի նաև Անկարայում: Սա միանշանակ է, քանզի թուրք հասարակությունը չի սիրում թույլ և պարտված գործիչների: Ավելի քան 500 տարվա փորձ ունեցող երկիրը չի ընդունում ո՛չ դատարկ պոպուլիստների, ո՛չ փուչիկ-գործիչների, ոչ էլ քցված ու պարտված գործիչների, քանզի գիտի դրա բացասական հետևանքների գինը պետության համար:

Ինչո՞ւ մենք պետք է զգոն լինենք Ղարաբաղում

Ըստ էության, եթե Իդլիբում Էրդողանը չկարողանա հաղթել, ապա նա իր իշխանությունը փրկելու համար ունի ռևանշի գնալու երկու ուղղություն: Առաջինը Լիբիան է, որտեղ նրա պրոքսի ուժերը պայքարում են մարշալ Խաֆտարի դեմ, իսկ երկրորդը Կովկասն է, որտեղ նա կարող է փորձել իր գործընկեր Ալիևի միջոցով ռևանշի հասնել Ղարաբաղում:

Խաֆտարի դիրքերը շատ ամուր են: Լիբիայի մեծ մասը գտնվում է նրա վերահսկողության տակ: Նրան են աջակցում Սաուդյան Արաբիան, արբական ծոցի երկրները, եվրոպացիները և Մոսկվան:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այս պահին Էրդողանի համար ամենաթույլ օղակն ենք:

Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք Հայաստանում ունենք լիովին պառակտված հասարակություն: Օր օրի դրսի շրջանակների «փափուկ» գործունեության արդյունքում հետևողականորեն վարկաբեկվում են երկրի գրեթե բոլոր ինստիտուտները: Վարչապետի, նախագահի, ԱԺ-ից հետո անվստահության ալիքը հասել է արդեն ոստիկանությանը, ԱԱԾ-ին և բանակին: Այստեղ դրսի համապատասխան շրջանակները՝ ներսի շրջանակների հետ միասին, ներսից փորձում են թուլացնել երկիրը: Եվ այս ալիքն արդեն ներթափանցել է Արցախ: Իսկ ընտրություններն այդ վարկաբեկման գործընթացի համար բարենպաստ դաշտ է ձևավորել: Եթե մարտի 5-ից հետո Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ համաձայնության չգա Իդլիբի հարցում, ապա կարող է սկսել գործել «իրար տակից խփելու գործընթացը՝ իրենց պրոքսի ուժերի կողմից», սա նշում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր վերլուծաբանները:

Կարծում եմ, որ մենք, վերը նշված պատճառները հաշվի առնելով, այսօր այսպես կոչված «թույլ օղակ» ենք դարձել և որի պատճառով էլ գոնե զգոն պիտի լինենք, որ հետո չասենք, թե «պատերազմն անսպասելի թակեց մեր դուռը»: Ոչ մի անսպասելի բան չկա: Մենք ինքներս մեր ձեռքերով ենք մեզ դարձրել «թույլ օղակ» և որևէ մեկին դրսում, բարոյական իրավունք չունենք մեղադրելու համար»: