Թրամփը հեռախոսազրույցում Էրդողանին հայտնել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում Անկարայի ջանքերին աջակցելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության նվազման ուղղությամբ Անկարայի ջանքերին աջակցելու մասին, հայտնում է Radio Free Europe-ը:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախագահ Թրամփը ցավակցություն է հայտնել և դատապարտել երեկ տեղի ունեցած հարձակումները, որոնք Սիրիայում խլել են թուրք զինվորականների կյանքը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջուդ Դիրը:

Թուրքիայի նախագահի վարչակազմն Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ նույնպես հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իդլիբում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցեր: Մեր նախագահը հիշեցրել է, որ մեր հերոսների վրա ստոր հարձակման մեղավորները ստացել են անհրաժեշտ պատասխան հարված, և հաստատել է Թուրքիայի վճռականությունը՝ «մաքրել» Իդլիբի՝ Սոչիի հուշագրով նախատեսված տարածքը ռեժիմի ուժերից»:

Սպիտակ տանը նշել են, որ «Թրամփը հաստատել է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության նվազման և հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ»:

«Առաջնորդները համաձայնել են, որ սիրիական ռեժիմը, Ռուսաստանը և իրանական ռեժիմը պետք է դադարեցնեն հարձակումները, քանի դեռ նրանց գործողությունները չեն հանգեցրել ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությանը կամ տարհանմանը»,-նշված է հաղորդագության մեջ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ պայմանավորվել են Իդլիբում «մարդասիրական ողբերգությունը» կանխելու միջոցառումների մասին։

«Երկու երկրների առաջնորդներն առանց հապաղելու պայմանավորվել են լրացուցիչ քայլերի մասին՝ Իդլիբի շրջանում ծավալվող մեծ հումանիտար ողբերգությունը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ: