«Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ…»․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փետրվարի 28-ի հանդիպումներն ընտրողների հետ Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Էրքեջ, Նոր Ղարաչինար, Նոր Խարխափուտ, Չարեքտար, Քնարավան համայնքներում էին։

Այս մասին տեղեկացրել են Վիտալի Բալասանյանի գրասենյակից։ Ամեն համայնքում Բալասանյանն անդրադարձել է այն հստակ խնդիրներին, որոնք ունեն տվյալ գյուղի բնակիչները և ներկայացրել իր թիմի լուծումները։

Տների և հողակտորների սեփականաշնորհումը պետք է լինի պարտադիր պայման: Լուրջ խնդիր է նաև ջրագծերի բացակայությունը։ Ու եթե Չարեքտարում այս ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է, մյուս համայնքներում մարդիկ դեռ սպասման մեջ են։

«Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել։ Դա նշանակում է, որ այն մեր մարմնի մասնիկն է ու մենք պետք է արարենք դրա վրա, երկիրը զարգացնենք»,- ասել է Բալասանյանը։

Արցախի Հանրապետությունում բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկն էլ կոռուպցիան է՝ ամենատարբեր դրսևորումներով:

«Առաջին հերթին պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, բյուջեի մսխման և քիրվայության դեմ: Այս ամենի արդյունքում է, որ մեր գյուղական համայնքներում առայսօր լուծված չեն կենսական նշանակության խնդիրները, որոնցից ամենագլխավորներից մեկն են ջրագծերը»,- ընդգծել է նախագահի թեկնածուն։

Ինչպես Արցախի շատ համայնքներում, այս գյուղերում էլ առաջնային են նաև փողոցային լուսավորության, մշակութային կենտրոնների՝ ակումբների և զբաղվածության խնդիրները։

«Ամոթ է, որ մեր գյուղացին երեկոյան չի զբոսնում լուսավորված փողոցներով, հյուր չի գնում, տանից դուրս չի գալիս լուսավորության բացակայության պատճառով: Փողոցները պիտի լուսավորվեն արևային էներգիայից սնվող լապտերներով, ինչը չի ծանրաբեռնի համայնքային ծախսերը:

Առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր համայնքներում հիմնել նաև ազգային և ժամանակակից արվեստի խմբակներ։ Պիտի ստեղծենք մշակութային կրթության նոր համակարգ, քանզի մշակույթը ազգային արժեհամակարգի հիմքն է, պիտի ապահովենք մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների համակարգված գործունեություն՝ ստեղծագործական ներուժի բացահայտման ու զարգացման նպատակով»,- նշել է Բալասանյանը։