ՄԱԿ-ը Թուրքիայից պահանջում է բացել Սիրիայի հետ 3-րդ սահմանային անցակետը

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Յարուբիե անցակետի՝ Ռուսաստանի կիրառած վետոյի արդյունքում փակվելու պատճառով Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Թուրքիայից պահանջել է բացել Թուրքիայի և Սիրիայի միջև գտնվող Թել Աբյադ սահմանային անցակետը։

Բանն այն է, որ 2014 թվականից ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա և սկզբնական շրջանում գործող 4 անցակետեր կային, որոնց միջոցով մարդասիրական օգնությունը հասնում էր Սիրիա։

Այժմ երբ 4-ից գործող անցակետերը դարձան 2-ը, ՄԱԿ-ը այլընտրանքային ուղիներ է փնտրում, որոնցից մեկն էլ Թել Աբյադի անցակետն է։

Այսպիսով՝ ՄԱԿ-ը Թուրքիային առաջարկում է Սիրիային մարդասիրական օգնություն հասցնել Թուրքիայի տարածքով։