Ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են․ Վ․ Զախարով

1988-ի փետրվարը արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: 32 տարի առաջ, փետրվարի 28-ին, Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաշատ Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ, ադրբեջանական խաժամուժն իրականացրեց սարսափելի ոճրագործություն հայ բնակչության նկատմամբ:

Որպեսզի չխաթարվեր «ազգերի բարեկամության» մասին տասնամյակներ շարունակ խորհրդային ժողովուրդների ուղեղը բթացրած սին գաղափարախոսությունը, մոսկովյան կենտրոնը խուսափեց հրապարակել ադրբեջանական վայրենի խրախճանքին զոհ գնացած հայերի իրական թիվը: Պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց մի խղճուկ թիվ` սպանվել է 27 հայ: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներն այլ պատկեր արձանագրեցին. սպանվել էին հարյուրավոր, թալանվել ու խոշտանգվել հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությամբ Ադրբեջանը բացեց 20-րդ դարավերջի ցեղասպանությունների մի նոր շղթա, տարածաշրջանի բնիկ հայ բնակչության նկատմամբ անպատիժ չարիքը շարունակվեց` ընդլայնելով իր մասշտաբները: Սումգայիթում հայերի կոտորածների անմիջական և տրամաբանական շարունակությունը եղան 1990-ի հունվարի 13-19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը: Սցենարը դարձյալ նույնն էր` խորհրդային կենտրոնի թողտվություն, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հովանավորություն: Եթե Սումգայիթում խորհրդային «ինտերնացիոնալ» զորքերն «ուշացան» 3 օր, ապա Բաքվում`մի ամբողջ շաբաթ. քաղաք մտան միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չկար:

Կատարվածը ցեղասպանություն է

Սումգայիթյան ոճրագործությունը, ապա Բաքվի ջարդերը, հետագայում Գանձակում, Մարաղայում, ԼՂ-ի և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում հայերի բնաջնջման փաստերը վկայում են, որ դրանք պատահական դրսևորումներ չէին կամ որոշակի իրադարձությունների հետևանք, այլ պետականորեն մշակված, կազմակերպված, մեծամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականություն: Հարկ է հստակ ընդգծել այն փաստը, որ զանգվածային սպանությունները, թալանն ուղղված էին միայն հայերի դեմ և մի քանի խուլիգանական խմբերի ձեռքի գործը չէին, ինչպես առայսօր փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Այն հայ էթնոսի դեմ ուղղված գործողություն էր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվեցին միայն այն բանի համար, որ ազգությամբ հայ էին:

Տեղի ունեցածը շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ադրբեջանական կանխամտածված ու ծրագրված հանցագործությունների, իսկ նպատակը` պատմական հայրենիքից բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումն ու արտաքսումը։ Ռուս քաղաքագետ Վ. Զախարովը հետագայում անդրադառնալով ադրբեջանցիների կազմակերպած ջարդերին` գրեց. «Ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, երբ իշխանության էին եկել պանթյուրքիզմով առաջնորդվող ուժերը: Հենց նրանք էլ մշակեցին հայ ժողովրդին բնաջնջելու հրեշավոր ծրագիրը, որը լայն տարածում գտավ նաև կովկասյան թաթարների շրջանում, որոնց, 1918 թվականին, թուրքերն ադրբեջանցիներ անվանեցին»:

Այսպիսով, 1988-92 թթ., ադրբեջանական ղեկավարության թողտվությամբ ադրբեջանցի խուժանի ձեռքով հայության դեմ իրականացված ջարդերն իրենց բնույթով, առկա հատկանիշներով լիովին համապատասխանում են 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Տեղի ունեցածը ցեղասպանություն է:

Հետևաբար, Ադրբեջանը պե՛տք է պատասխանատվության ենթարկվի` իրավական, քաղաքական, ֆինանսական, բարոյական առումով: Բազմիցս է ասվել, որ եթե ժամանակին միջազգային հանրության կողմից Սումգայիթի ոճրագործությանը տրվեր համարժեք գնահատական, ապա տեղի չէին ունենա Բաքվի ու ադրբեջանական այլ բնակավայրերի հայ բնակչության կոտորածները, իսկ 21-րդ դարում ադրբեջանցի ճիվաղը Բուդապեշտում չէր կացնահարի խաղաղ քնած հայ սպային: Այդ նույն անպատժելիությունն էր պատճառը, որ քստմնելի հանցագործը Ադրբեջանում հայտարարվեց ազգային հերոս, իսկ այդ երկրում չգտնվեց սթափ մտածող գեթ մեկը, որ հրապարակավ դատապարտեր զարհուրելի մարդասպանությունը:

Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պե՛տք է ստանա իր համապատասխան գնահատականը: Այլապես «բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում:

Արմինե Սիմոնյան