Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը փետրվարի 28-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ «Երկու կողմերն ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կարգավորելու համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը»,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կրեմլն ընդգծել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան միջգերատեսչական խորհրդատվությունները և մշակել մոտ ապագայում գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը»:

«Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ կարծիքների առարկայական փոխանակումը շարունակվել է: Լուրջ մտահոգություն է արտահայտվել Իդլիբում լարվածության սրման կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև թուրքական զորքերի շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև «շեշտվում է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջոցով համակարգման ուժեղացման կարևորությունը»:

Կրեմլը նշել է, որ Պուտինը և Էրդողանը քննարկել են «2018 և 2019 թթ․ ռուս-թուրքական համաձայնագրերի կատարման գործում առաջընթացը», նշել է «միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջադրանքների առաջնահերթ բնույթը»: