Թուրքիան փախստականների առջև բացում է «Եվրոպայի դարպասները»

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածներից Իդլիբում 33 թուրք զինծառայող է սպանվել, գրեթե նույնքնա վիրավորվել: Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական մամուլում լուրեր են տարածվել, թե Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:

Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, «Reuters»-ի հետ զրույցում ասել է, որ Թուրքիան այսուհետև չի արգելելու սիրիացի գաղթականների անցումը դեպի Եվրոպա:

Աղբյուրի հաղորդմամբ`այս երկրում գտնվող բազմաթիվ սիրիացի փախստականներ այս գիշերվանից շարժվում են Էդիրնե նահանգի սահմանային գյուղեր, որպեսզի անցնեն Հունաստան:

Նշվում է, որ փախստականների հոսքն ավելացել է հատկապես առավոտյան ժամերին: Փախստականներից շատերը Էդիրնե են գնացել տաքսիներով և ավտոբուսներով: Փախստականների մի քանի խումբ շարժվել է դեպի Չանաքքալե (Դարդանել) նահանգի Այվաջըք շրջանի ափեր, որպեսզի անցնի հունական Միդիլլի կղզի:

Իդլիբի դեպքերի վերաբերյալ «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է նաև սիրիացի փախստականների համար սահմանը բացելու հարցին․ «Մենք ասել էինք, որ Թուրքիան չի կարողանա իր վրա վերցնել փախստականների նոր ալիք, ասել էինք, որ Թուրքիան իր բոլոր հնարավորություններն արդեն սպառել է: Այդ պատճառով արդեն Թուրքիան  չի կարողանա դիմակայել ստեղծված ճնշմանը,- ասել է խոսնակը։- Հարձակումների պատճառով մի կողմից Թուրքիայում գտնվող փախստականներն են շարժվում դեպի Եվրոպա, մյուս կողմից էլ Սիրիայի տարածքից են դեպի Թուրքիա շարժվում: Փախստականների մասով մեր քաղաքականությունը նույնն է, սակայն իրավիճակն այնպիսին է, որ արդեն ի վիճակի չենք փախստականներին պահել»: