Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններն անընդհատ հիշատակում են, սակայն խնամքով թաքցնում են Լևոն Տեր-Պետրոսյանինը

Հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն ազատությունից, իրենք կսկսեն ապրել իդեալական պայմաններում։

Հանրության երկատվածության ու շերտավորման գործում ամեն ջանք գործադրած իշխանությունն այսօր քաղում է իր քայլերի պտուղները, երբ հանրության մի հատվածն ամբողջությամբ ու կուրորեն հավատում է ու «ավե փրկիչ» ասում Նիկոլին, մյուս մասը՝ հակառակը՝ մերժում է, ու հակակրանքից բացի՝ ոչինչ չի տածում օրվա իշխանության հանդեպ։ Եվ սա բնական է, քանի որ այդպես ուզեց Նիկոլը, քանզի իշխանության գալու առաջին իսկ րոպեից սկսեցին հասարակության մեջ տարբեր սելեկցիոն աշխատանքներ իրականացնել՝ սկսած պետական համակարգում աշխատողներից, լրատվականներից՝ մինչև վերջին շարքային պահակը։ Նա մերոնքականների և ոչմերոնքականների բաժանեց հասարակությանը՝ պաշտոնների նշանակելով միայն յուրայիններին: Օրվա իշխանության սխալներից էր նաև այն, որ նա ամեն ինչում սկսեց մեղադրել նախկիններին և մոլագարի նման ամեն ինչում փնտրել մեղավորներ։ Ցանկացած ձախողման մեջ, որին ականատես էինք լինում վերջին երկու տարիների ընթացքում, մեղավոր էին բոլորը, բայց ոչ երբեք՝ իր «հեղափոխական» թիմը։ Իշխանությունները հասարակության մոտ ՀՀ նախկին նախագահների և պետական գործիչների նկատմամբ հակակրանք ստեղծելով և նրանց կառավարման ժամանակներից եղած դժգոհությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով աճեցնելով՝ իրենք իրենց համար փոս են փորում՝ մոռանալով, որ օրերից մի օր իրենք նույնպես լինելու են նախկին իշխանություն։ Նշեմ մի կարևոր հանգամանք․ մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն ազատությունից, իսկ մնացած նախկին իշխանությունները աքսորվեն կամ, ասենք, գնդակահարվեն, իրենք կսկսեն ապրել իդեալական պայմաններում։ Սա այն հերթական մանիպուլյատիվ հնարքն է, որը հաջողությամբ կիրառվում է Նիկոլի կողմից՝ մարդկանց մատուցելով հերթական տեսարանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններն անընդհատ հիշատակում են, ատելություն տարածում, սակայն խնամքով թաքցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածը: Նույնիսկ «Մարտի 1»-ի գործով իրավապահ մարմինները շրջանցում են Տեր-Պետրոսյանին և Նիկոլին: Օրինակ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության առնչությամբ իշխանությունների ջանքերով ստեղծված հանրային հրավառությունը վկայությունն է այն պարզ իրողության, որ մենք ապրում ենք բարոյական անկման և մարդկային արժեքների ձևախեղման ժամանակաշրջանում։ Տպավորությունն այդպիսին է, քանի որ մարդկային ուրախությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ գործը շինծու է, իսկ մեղադրանքը՝ «ջուր», այլ բնակչության մի զգալի մասի ակնկալածը հեղափոխական տեռորն է. բոլորին գնդակահարել։ Անթույլատրելի է մաքրել անցյալում տեղի ունեցած ամեն ինչ և փորձել ամեն ինչ սկսել նոր էջից, նոր ձևաչափով, դա, անխոս, ունենալու է անդառնալի հետևանքներ և էլ ավելի է մեծացնելու հասարակության մեջ ատելության չափաբաժինը։ Ուզում եմ հիշեցնել, որ փոխվում են միայն մարդիկ, իսկ արժեքներն ու ինստիտուտները մնում են անփոփոխ։ Այլ խոսքով՝ եթե Նիկոլը նման անհեռատես քայլերով փորձում է ամրապնդել իր իշխանության հիմքերը, ապա նրան շատ կարճ ճանապարհ է սպասվում, քանի որ, որպես կանոն, նման քայլերը հասցնում են կատարյալ ձախողման։

Հ.Գ. Հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող «ժողովուրդը միշտ ճիշտ է» և հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող «ժողովրդին ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ» արտահայտությունները դարձել են Նիկոլի ու նրա քաղաքական թիմի կարգախոսները, բոլորս համոզվել ենք վաղուց, սակայն պետք է հստակ հասկանալ, թե ո՞վ է «ժողովուրդ»-ը, ո՞ր դեպքերում է նա կարևորում ժողովրդի կարծիքը, և ո՞ւմ է պատրաստվում ծառայել Նիկոլը:

Հ.Գ.Գ. Հիշեցում. Նիկոլի թիմից Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, հայտնի դարձան կոռուպցիոն լուրջ գործարքներով:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն…

Опубликовано Artur R Tovmasyan Четверг, 27 февраля 2020 г.