ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիլովային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիովային, տեղեկացրել է BBC-ին:

«Դատարանը համարում է, որ իշխանությունների գործողություններն ունեն ոչ կոռեկտ դրդապատճառներ և միտված են լրագրողին հարկադրելու լռել և պատժել լրագրողական գործունեության համար»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին ասել էր, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:

«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիև կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել է Սեիդովը:

Սա արդեն երրորդ որոշումն է հօգուտ հայտնի լրագրողի, որը պայքարում է իր իրավունքների և պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թթ․ Իսմայիլովան աշխատել է ապօրինի ձեռնարկատիրությանը նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին հրապարակումների վրա: