Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ծանր հարված են հասցրել թուրքերին. 33 թուրք զինվոր է սպանվել

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 33-ի:

Թուրքական կողմի պնդմամբ՝ ավիահարվածներն իրականացվել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից: Ընդդիմադիր որոշ կայքերի համաձայն՝ ավիահարվածները հասցրել է ռուսական օդուժը։ Սակայն, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։

Միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է 6 ժամ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ այցելել է թուրք-սիրիական սահման՝ Իդլիբին սահմանակից Հաթայ նահանգում տեղակայված թուրքական բանակի հրամանատարական կետ:

Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի զինուժը դիմել է պատասխան գործողությունների, ինչի պատճառով Սիրիայի կառավարական ուժերը կրել են մեծ կորուստներ։