Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի․ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման մասին

Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի շուրջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

«Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի»,- ասաց նա և բացառեց, որ որևէ դեպք կարող են թաքցնել հանրությունից: Վարչապետը նշեց նաև, որ  բանակում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել (Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված` փետրվարի 25-ից ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների հարազատների այցելությունները, ժամկետային զինծառայողների արձակուրդները) և կոչ արեց, որ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան:

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, որ տեղեկատվությունը թաքցվի, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կոչ արեց բոլորին՝ ապրել բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանգստացնող ոչնինչ չկա, բացի նրանից, ինչ հայտնի է։