«Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկեցին նախընտրական քարոզարշավը։ Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։ Այս մասին տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը:

Մարտի 31-ն արցախցիների համար կարևորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու և երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշել է. «Անարդարության մթնոլորտը և սոցիալական բևեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն և հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է և պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»:

Քարոզարշավի առաջիկա օրերին Բալասանյանն առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։

«Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման և այլ հարցերում,- ասել է Բալասանյանն՝ ընդգծելով,- Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում և ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլին, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»։

Քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասնակիցներն այնուհետև շարժվել են դեպի Ասկերան և ծաղիկներ խոնարհել «Փետրվարի 22-ի» հուշակոթողին։ Ապա Վ. Բալասանյանն ուղղվել է Թալիշ, որտեղ էլ հանդիպել ընտրողների հետ։