Նոր կորոնավիրուսը կենսաբանական զենք. դաժան պատերազմ` մեկից ավելի նպատակներով

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվներ չինական կորոնավիրուսի վերաբերյալ տագնապալի ու կեղծ հաղորդագրություններ են տարածում: Այս մասին օրերս հայտնել է AFP-ն («Ֆրանս Պրես» գործակալությունը):

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է, որ ապատեղեկատվության ռուսական քարոզարշավը տարածում է դավադրության անհիմն տեսություններ կորոնավիրուսի բռնկման գործում ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը գնում է այն պնդումների մասին, որ COVID-19-ը ԿՀՎ-ի կողմից արտադրված կենսաբանական զենք է, և վիրուսի տարածումը Միացյալ Նահանգների կողմից «Չինաստանի դեմ տնտեսական պատերազմ վարելու փորձ է»:

Ճշտենք` ոչ թե փորձ, այլ միջոց է, քանի որ Չինաստանի արդեն իսկ կրած վնասներն ահռելի են, իսկ առաջիկայում դրանք կարող են հասնել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դոլարի, գուցե և ավելի…

Ռիկերի խոսքերով, Ռուսաստանը մտադիր է «տարաձայնություն սերմանել ու ներսից ոչնչացնել ամերիկյան ինստիտուտներն ու միությունները»:

«Տարածելով կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն, ռուսական չարամիտները դարձյալ որոշել են սպառնալիքի տակ դնել հանրային անվտանգությունը, շեղել ուշադրությունը գլոբալ բժշկա-սանիտարական օգնությունից»,- ասել է նա:

Ըստ Ռիկերի, ռուսական քարոզարշավն առաջ մղելու համար կեղծ հաշիվներ են հայտնվել Twitter- ում, Facebook- ում, Instagram- ում, ընդ որում, մի քանի օտար լեզուներով:

Թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աշխատակիցը «սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում առկա հազարավոր հաշիվներ» ասելու փոխարեն, «սոցիալական ցանցերում Ռուսաստանի հետ կապված հազարավոր հաշիվներ» ասելով, ի՞նչ է նկատի ունեցել, որևէ կերպ պարզաբանված չէ ու մնում է անհասկանալի:

Ի հեճուկս Ռիկերի, նախ ընդգծենք, որ վերոնշյալ տագնապալի տեղեկությունների կեղծ լինելն ապացուցված չէ, դրանք փաստացի հերքված չեն, առկա է ընդամենը մերկապարանոց հերքում, ինչպիսին հենց իր վերոնշյալ հերքումն է: Ճիշտ է, ոչ ոք ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կամ Միացյալ Նահանգների մեկ այլ հատուկ ծառայության որևէ աշխատակցի գործի վրա չի բռնել, և հանգիստ կարելի է ասել` «ձեռքիս չես բռնել, գող չեմ»:

Երկրորդ. նոր կորոնավիրուսը (թերևս, փորձնական տարբերակ հանդիսացած ու հետագայում կատարելագործված կորոնավիրուսն ընդհանրապես) արդյոք հենց ԿՀՎ-ի՞ կողմից արտադրված կենսաբանական զենք է, թե՞ մեկ այլ հատուկ, գաղտնի ծառայության, էական չէ: Կարևորն այն է, որ ԱՄՆ-ում այդպիսի վիրուս ստեղծելու հնարավորություն ունեն ինչպես ԿՀՎ-ն, այնպես էլ մի շարք այլ հատուկ, փակ կամ գաղտնի ծառայություններ, ԱՄՆ-ում և այդ երկրից դուրս գործող ամերիկյան կենսալաբորատորիաներ, ընդ որում, նաև Պենտագոնի ենթակայության ներքո գտնվող:

Խնդիրը, ահա, հենց վերը նշվածի տեսանկյունից պետք է դիտարկել, ինչպես նաև այն, որ ԿՀՎ-ն կամ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբերին Չինաստանի դեմ տնտեսական պատերազմ վարող ԱՄՆ-ը լիովին ունեին ՉԺՀ-ին ծնկի բերելու, առնվազն ահռելի վնաս պատճառելու և թուլացնելու շարժառիթ (մոտիվացիա), թեկուզ, կենսաբանական զենքի կիրառմամբ: Ա՛յն, որ ԱՄՆ-ը, ի դեպ, ինչպես և Իսրայելը, աշխարհի այն պետություններից են, որոնք իրենց այս կամ նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չեն դնում, հայտնի է գրեթե ողջ աշխարհին: Հիշենք, թեկուզ, ԱՄՆ-ի կողմից զանգվածային բնաջնջման մեկ այլ զինատեսակի կիրառումը` 1945թ. Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծությունն ատոմային ռումբերով:

Նշենք նաև, որ Չինաստանին թուլացնելու, խեղճացնելու, նրա տնտեսական և ռազմական արագ զարգացումն առնվազն զսպելու ԱՄՆ-ի վերոնշյալ շահագրգռությունը ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի դադարեցման (կարծում եմ, ժամանակավոր) համաձայնագրի ստորագրումից հետո էլ պահպանվում է:

Երրորդ. անհիմնը հենց Ֆիլիպ Ռիկերի այն հայտարարությունն է, թե Ռուսաստանը մտադիր է «տարաձայնություն սերմանել ու ներսից ոչնչացնել ամերիկյան ինստիտուտներն ու միությունները», որովհետև մի բան է սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում առկա հազարավոր հաշիվների կողմից ապատեղեկատվության տարածումը (եթե նույնիսկ համարենք, թե այն ապատեղեկատվություն է), և բոլորովին այլ բան նույն ապատեղեկատվության տարածումը Ռուսաստանի կողմից:

Բացի վերը նշվածից, անպատկերացնելի է, թե Ռուսաստանը կամ այդ հազարավոր հաշիվների օգտատերերն ինչպե՞ս կարող են տարաձայնություն սերմանելու և ամերիկյան ինստիտուտներն ու միությունները ներսից ոչնչացնելու անիրականանալի մտադրությունն ունենալ, չի կարելի նրանց խելացնորության կանխավարկածն ունենալ: Նույնպես անհիմն և անհեթեթ է Ռիկերի կողմից «ռուսական չարամիտներին» հանրային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու, գլոբալ բժշկա-սանիտարական օգնությունից ուշադրությունը շեղելու որոշում վերագրելը:

Ռուսաստանում արդեն պատասխանել են կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի վերաբերյալ Պետդեպարտամենտի մեղադրանքին:

«РИА Новости»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի Պետդումայի Միջազային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը մեկնաբանել է կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի տարածման մեջ Ռուսաստանին կասկածելու վերաբերյալ (իրականում` մեղադրող.- Ա. Հ.) ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը::

«Տարբեր հաշիվներ կան, ներառյալ` նրանց, ովքեր ամեն գնով բաժանորդներ են ձեռք բերում և տարածում տեղեկատվություն, որը պահանջարկված է, իսկ կորոնավիրուսի մասին տեղեկատվությունն առավել քան պահանջարկ ունի»,- ասել է նա:

Նովիկովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կենսաբանական զենք մշակում են մի շարք պետություններ, և ԱՄՆ-ն այս հարցում առաջատարներից է:

«Կա շահագրգիռ կողմերի մի զանգված` այդ մշակումներին մասնակցող այն առումով, որպեսզի իրենց հետազոտությունները կյանքի կոչեն ու տեսնեն, թե դրանցից ինչ է ստացվում»- ասել է պատգամավորը:

Դմիտրի Նովիկովն այսպիսով անուղղակիորեն հնարավոր է համարել COVID-2019-ի արհեստական ծագումը, կենսաբանական զենք լինելը, ինչպես նաև կենսաբանական զենք մշակող շահագրգիռ կողմերի կամ, թեկուզ, դրանցից մեկի կողմից կենսաբանական զենքի կիրառումը դրա արդյունավետությունը փորձարկելու (հավելենք` նաև հետագա կատարելագործման) նպատակով: Նոր կորոնավիրուսի պարագայում, Չինաստանին ահռելի վնաս պատճառելուն զուգահեռ, այո, կարող են լինել նաև կենսաբանական զենքի արդյունավետությունը փորձարկելու, ինչպես նաև այդ զենքի հետագա կատարելագործման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման նպատակները, բացառված չէ, որ ամիսներ կամ տարիներ հետո ի հայտ գա COVID-2019-ից որոշ չափով տարբերվող մի նոր կորոնավիրուս` արդեն ոչ միայն վարակելիության, այլև մահացության բարձր ցուցանիշով:

Ուշագրավ ևս մեկ փաստ. վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկը շարունակում է մնալ ցածր

Այժմ ձեռքի տակ բավարար ապացույցներ չունենալով, դեռ չեմ հայտարարի, թե նոր կորոնավիրուսը Չինաստանի դեմ հենց ԿՀՎ-ի կամ ԱՄՆ-ի կողմից է կիրառվել, կարող եմ ընդամենը ենթադրել, կասկածել, մանավանդ, որ COVID-2019-ը, թեկուզ ամերիկյան ինչ-որ կենսալաբորատորիայում կամ ուրիշ տեղ մշակված, կարող էր գործի դրվել շահագրգիռ մեկ այլ պետության կամ կազմակերպության, օրինակ, Իսրայելի «Մոսադ»-ի, Մեծ Բրիտանիայի MI6-ի, մասոնական կամ Սորոսին ենթակա ինչ-որ կազմակերպության կողմից:

Այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, Չինաստանում նոր կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո վարակման գրանցված ու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 000-ը, Չինաստանից բացի, աշխարհի ավելի քան 35 երկրներում COVID-2019-ով վարակման դեպքերի թիվը հասել է 2941, այսինքն` վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասնում է մոտ 81 000-ի, վարակվածներից Չինաստանում 2715-ը, աշխարհի այլ երկրներում 47-ը մահացել են (COVID-2019-ի զոհերի ընդհանուր թիվը` 2762): Հասկանալի է, որ այս պահին վարակվածների քանակը շատ ավելի մեծ, հնարավոր է, որ աճել է նաև մահացածների թվաքանակը: Միայն Իտալիայում, այսօր առավոտվա դրությամբ, COVID-2019-ով վարակվածության դեպքերի թիվը հասել էր 322-ի, Իրանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի հետևանքով մահացածների քանակը` 15-ի, ընդ որում, COVID-2019-ով վարակվածություն է հայտնաբերվել նաև Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի և ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեգիի մոտ:

ԱՀԿ-ն հայտնել է, որ առաջին կորոնավիրուսային պատվաստանյութը կարող է հայտնվել մեկուկես տարի հետո: Չինաստանը կսկսի նոր կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել ոչ շուտ, քան ապրիլին:

Արթուր Հովհաննիսյան