Սա կարող է լինել ընդամենը սառցաբեկորի գագաթը․ ԱՀԿ-ը կորոնավիրուսի մասին

Չինաստանում անցած մեկ օրվա ընթացքում նոր կոոնավիրուսով (COVID-19) պայմանավորված թոքաբորբից գրանցվել է մահվան 52 դեպք: Այսպիսով, հիվանդության զոհերի թիվը հասել է 2715-ի: Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Հուբեյ նահանգում գրանցվել է 401 նոր դեպք, Չինաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազար մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեկտեմբերի վերջին չինական Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի (COVID-2019) բռնկում: Հետագայում վարակը տարածվել է այլ երկրներում: Առավել սուր իրավիճակ է Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում:

Փետրվարի 16-ին Չինաստանում սկսել են արտադրել դեղամիջոց, որը կարող է արդյունավետ լինել հիվանդության դեմ պայքարում: Հաջորդ օրը Չինաստանի համալսարաններից մեկը հայտարարել է կորոնավիրուսի համար էքսպրես թեստ ստեղծելու մասին:

Փետրվարի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Չինաստանի սահմաներից դուրս գրեթե 1,8 հազար վարակվածների մասին: ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ ստեղծված իրավիճակը կարող է «լինել ընդամենը սառցաբեկորի գագաթը»։ Ըստ կազմակերպության կանխատեսումների ՝ մոլորակի բնակչության մինչև 66% -ը կարող է վարակվել կորոնավիրուսով, պայմանով, որ մեկ հիվանդը կարող է վարակել միայն երկու-երեք մարդու: