Դոնբասում պատերազմի հոտ է գալիս…

Պատերազմի հոտ է տարածվում: Ոչ, առայժմ խոսքը Անդրկովկասի մասին չէ: Մենք հազվադեպ ենք գրում Ուկրաինայի և Նովոռոսիայի միջև պատերազմի մասին: Այնուամենայնիվ, ինչպես նկատել եք, հենց Իրանի ու Ուկրաինայի միջև սկանդալից հետո, հունվարին Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ուկրաինական Boeing-ի ողբերգական վթարի կապակցությամբ, անհավանական բաներ են տեղի ունենում: Դե, նախ և առաջ, հանկարծ Արևմուտքում սկսել են խոստովանել, որ 2014-ին ռազմաճակատի առաջնագծում խոցված մալայզիական Boeing-ը հաստատ Դոնբասի աշխարհազորայինների և, առավելևս Ռուսաստանի ձեռքի գործը չէ: Երկրորդ, ինչ-ինչ պատճառներով, Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հետ (Ռուսաստան, Գերմանիա և Ֆրանսիա՝ Բելառուսի միջնորդությամբ) մի շարք անհաջող հանդիպումներից հետո, սկսել է քայլեր ձեռնարկել մերժելու, այսպես կոչված, Մինսկի համաձայնագրերը Նովոռոսիայի վերաբերյալ: Իսկ դա պատերազմի վերսկսման ուղիղ ճանապարհ է, եթե Կիևում չսթափվեն:

Փետրվարի 21-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ոստիկանության մամուլի ծառայությունում տեղի ունեցած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հնչած տագնապալի հայտարարություններն ստիպում են ենթադրել, որ որոշ ուժեր կրկին խաղադրույքներ են կատարում Ուկրաինայի ու Ռուսաստանի և Ռուսաստանի ու Նովոռոսիայի սահմաններին իրավիճակի սրման առիթով։ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնբասի տարածքի բնակելի վայրերում նկատվել էր ուկրաինական զինված ուժերի արգելված զենքի և ռազմական տեխնիկայի զանգվածային ներկայություն, ինչը կոծկելու համար ուկրաինական զորքերն սկսել են կռվել ԵԱՀԿ առաքելության անօդաչու թռչող սարքերի դեմ: Հղում անելով ԴԺՀ հետախուզությանը՝ հաղորդվել է, որ արձանագրվել է Ուկրաինայի կողմից R-934B և «Բուկովել-ԱԴ» ռադիոէլեկտրոնային խցանման կայանների օգտագործումը՝ ուկրաինական արգելված ծանր զենքի տեղաշարժը և տեղակայումը մի շարք բնակավայրերի տարածքներում կոծկելու նպատակով։ Արդյունքում, ԵԱՀԿ դիտորդները ստիպված եղան ընդհատել այս տարածքներում իրավիճակի դիտարկումը, և սահմանագծում տեղակայված Ուկրաինայի ծանր սպառազինությունն աննկատ մնաց նրանց համար։

Աշխարհում իսկապես միամիտ մարդիկ կա՞ն, ովքեր այժմ «կսկսեն հանգստացնել», թե իբր դա «խաղաղության պահպանման» համար է: Տանկեր, այլ զրահատեխնիկա, հեռահար հրետանային, հրթիռային արձակիչներ և այլ տեսակի ծանր զենքեր առաջ են քաշվում առաջնագիծ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի համար: Իրավիճակը պայթյունավտանգ է, և ոչ միայն Ուկրաինայի և ԴԺՀ զորքերի սահմանազատման գծում, այլև Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) առաջնագծում: Միայն 2020 թվականի փետրվարի 14-21-ը ուկրաինական բանակը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 84 անգամ՝ հրետակոծման ընթացքում օգտագործելով Մինսկի համաձայնագրերով արգելված զենքեր: Միայն ԴԺՀ-ի 22 բնակավայրերի շրջաններում ուկրաինացիներն արձակել են 106 ական և տարբեր տեսակի 236 նռնակներ, 54 կրակոց ՀՄՄ զենքերից, ինչպես նաև ակտիվորեն օգտագործել են հրազեններ, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ: Ուկրաինայի կողմից հրետակոծության արդյունքում վնասվել են 19 տուն և քաղաքացիական ենթակառուցվածքներ Դոնեցկի և այլ քաղաքների ու գյուղերի տարածքներում, որտեղ ուկրաինացիների նպատակային կրակահերթերից վնասվել են յոթ բնակելի շենքեր, էլեկտրագծեր և գործող դպրոցի մարզադաշտը:

Կիևում տրամադրության փոփոխությունը կտրուկ զգացվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: Արդյունքում, Մոսկվան, իր հերթին, նույնպես քայլեր է ձեռնարկել, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում Ուկրաինային և նրա նախագահին: Սկզբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրբանկատորեն հրաժարվել է Զելենսկու հետ ցանկացած քննարկումներից, ընդ որում խստորեն հաստատելով, որ միայն Կիևի կողմից Նովոռոսիայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի բոլոր կետերի կատարումը կարող է բացել խաղաղության ճանապարհը: Այնուհետև Ռուսաստանը հստակ ցույց է տվել, որ «սպասելու է» բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ռուսախոս քաղաքացիների դեմ, երբ այս հանրապետությունում վերջնականապես կավարտվի «Սորոսի հիմնադրամի հեղափոխականների» վակխանալիան: Փետրվարի 21-ին Մոսկվայի Արևմտյան շրջանային երկրորդ ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական գործողություններ կատարելու կոչերի համար և նրան հեռակա կարգով դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման՝ հատուկ ռեժիմային գաղութում: Գրիցենկոյի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նա հեռակա կարգով ձերբակալվել է 2019-ի ապրիլին: Պարզ է, որ քանի դեռ այդ հանցագործը թաքնվում է Ուկրաինայում, նա չի կարող հանձնվել Ռուսաստանին: Բայց… երբ սարը չի գալիս Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում դեպի սարը, ինչպես ընդունված է ասել:

Նկարագրված փաստերը համոզում են, որ «շարժումը» դեպի ռազմական գործողություններ սկսվում է և Ուկրաինայից, և Ռուսաստանից: Ըստ երևույթին, շատ լուրջ բան է կատարվում անդրկուլիսային կոնտակտների ոլորտում, և չի բացառվում, որ սա կապված է… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության ձախողման հետ: Չէ՞ որ նա պատրաստվում էր հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենի, նրա որդու՝ Հանթեր Բայդենի և նրանց՝ «Burisma Holdings» գազային ընկերության գործունեությունը: Բայդենները փորձել են թերթաքարային գազ «փնտրել»  հենց Դոմբասի՝ Ուկրաինայի կողմից օկուպացված հատվածում:

Այսպիսով  չենք բացառում այն ​​հնարավորությունը, որ Զելենսկուն հակամարտության սրմանը դրդում են Բայդենները․ նրանք շուտով, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ոչնչացնել իրենց հետքերը «Burisma Holdings»-ի գործունեության մեջ: Մոսկվան, գիտակցելով Բայդենների պատճառով պատերազմի վերսկսման անխուսափելիությունը, ձեռնարկում է կանխարգելիչ նախազգուշական միջոցներ, որոնց իմաստը հետևյալն է. պարտությունից հետո բոլոր ուկրաինական նեոնացիստներին սպասելու է Ռազմական դատարանը…

Սերգեյ Շաքարյանց