«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց». Զորավար Անդրանիկ (Տեսանյութ)

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»:

Զորավար Անդրանիկ:

Այսօր Զորավար Անդրանիկի` Անդրանիկ Օզանյանի 155-ամյակն է:

1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց զորահրամանատար և ազգային հերոս, Հայոց ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը` Անդրանիկ Օզանյանը: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդի գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգևատրվում է Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։

Անդրանիկը վիթխարի դեր է խաղացել Զանգեզուրի պաշտպանությունում։ Չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ` 1919 թ. ապրիլին, Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին և մեկնում արտասահման։

Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին ԱՄՆ-ում` սրտի կաթվածից և թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ. այն տեղափոխվել է Հայաստան` Երևանի Եռաբլուր պանթեոն։

Մանրամասները տեսանյութում։