Մահացել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Դմիտրի Յազովը

Այսօր` փետրվարի 25-ին մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ծանր հիվանդությունից հետո փետրվարի 25-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է  Խորհրդային միության մարշալ Դմիտրի Տիմոֆեյի Յազովը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին` դաշնային զինվորական գերեզմանոցում:

Յազովը ԽՍՀՄ վերջին ռազմական գործիչներից էր, որին շնորհվել էր մարշալի կոչում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: 1987-1991 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման տարիներին մեծ աշխատանք է տարվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ինչպես նաև Աֆղանստանի տարածքից զորքերի կազմակերպված դուրսբերման ուղղությամբ:

Յազովը ծնվել է 1924 թ․ նոյեմբերի 8-ին Օմսկի շրջանի Յազով գյուղում` գյուղացու ընտանիքում: 1942 թ․ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո մեկնել է ծառայության: 1942 թ․ հունիսից մինչև 1945-ի մայիսը ծառայել է Վոլխովի և Լենինգրադի ճակատներում` որպես դասակի հրամանատար: Պատերազմից հետո շարունակել է ռազմական կարիերան, անցել է ռազմական ուղի` վաշտի հրամանատարից մինչև բանակի հրամանատար: 1970-ականներին ղեկավարել է պաշտպանության նախարարության գլխավոր  կադրերի ղեկավարման վարչությունը, ապա դարձել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ:

1979 թ․ հունվարից  Յազովը զբաղեցրել է Կենտրոնական զորախմբերի հրամանատարի պաշտոնը, 1979 թ․ փետրվարից եղել  է ԽՍՀՄ կառավարության լիազորված անձը` Խորհրդային զորքերի` Չեխոսլովակիա ժամանման գործերով:

1980-1984 թթ․ Միջինասիական օկրուգի զորքերի հրամանատարն է եղել, 1984-1987 թթ․` Հեռավորարևելյան օկրուգի զորքերի հրամանատարը: 1987 թվականի հունվարից մինչև մայիս զբաղեցրել է կադրերի գծով ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, համատեղելով այն նաև կադրերի գլխավոր վարչության պետի պաշտոնի հետ, հետո արդեն զբաղեցրել է նախարարի պաշտոնը: