Նոր կորոնավիրուսի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը կարող է վերածվել ռուսական ռուլետկայի

Չինաստանում նոր կորոնավիրուսի (COVID-2019) հարուցած ոչ տիպիկ թոքաբորբի զոհերի թիվը, այսօր առավոտյան ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, հասել է 2592-ի:

Ըստ «РИА Новости»-ի, Չինաստանի Առողջապահության պետական ​​կոմիտեի հաղորդագրության համաձայն, միայն մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված լինելու հաստատված դեպքերի թիվը 77150-ն է, նրանցից 2592-ը մահացել են, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: 49 824 հիվանդներից 9915-ի վիճակը ծանր է: Աշխարհի 28 երկրում  COVID-2019-ով վարակվածների թիվը հասել է շուրջ 79 000-ի, զոհերի թիվը գերազանցում է 2600-ը;

Միայն անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է վարակման 409 նոր հաստատված դեպք, իսկ մինչ այդ հայտնի հիվանդներից 150-ը մահացել է (նրանցից 149-ը`Հուբեյ նահանգում, 1-ը` Հայնան նահանգում): Եվս 620 հոգի կասկածվում է նոր կորոնավիրուսով վարակված լինելու առումով, նրանց մոտ նոր կորոնավիրուսով վարակված լինելուն բնորոշ ախտանշաններ են արտահայտվել, սակայն վարակված լինելու հանգամանքը համապատասխան թեստերով դեռ հետազոտության փուլում է: Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ում այդպիսի կասկածելի դեպքերի թիվը հասնում է 3434-ի, ավելի քան 97 հազար մարդ, ովքեր սերտ կապ են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Նոր կորոնավիրուսի պատճառով Միլանում փակվել է իտալական հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնը: COVID-2019-ով վարակվածների քանակն Իտալիայում կտրուկ աճել է՝ 4-ից դեռ փետրվարի 23-ի դրությամբ հասնելով 150-ի (COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվն Իտալիայում այժմ, ամենայն հավանականությամբ, շատ ավելին է), նրանցից 4-ն այսօր առավոտ հրապարակված տեղեկատվության համաձայն, արդեն մահացել է, բազմաթիվ այլ անձինք կասկածվում են վարակված լինելու մեջ: COVID-19-ի բռնկումը գրանցվել Իտալիայի հյուսիսային շրջաններում, հիմնականում Լոմբարդիում և հարևան Վենետոյի մարզում: Երկրի կառավարությունը հայտարարել է երկրի այն բնակավայրերն արգելափակելու, մեկուսացնելու մասին, որտեղ ակտիվորեն տարածվում է նոր կորոնավիրուսը: Փետրվարի 23-ին Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամերը հայտնել է, որ Ավստրիայի հետ սահմանին կանգնեցվել է Իտալիայից եկող գնացքը, քանի որ դրանում եղել են բարձր ջերմություն ունեցող երկու ուղևոր, որոնք կասկածվում են նոր կորոնավիրուսով վարակված լինելու մեջ: Փարիզում նոր կորոնավիրուսի հետ կապված կասկածի պատճառով փակել են ոստիկանության կոմիսարիատը:

Հարավային Կորեայում եթե փետրվարի 19-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների քանակը 50 էր, ապա փետրվարի 22-ին գրանցվել էր արդեն նոր կորոնավիրուսով վարակվածության 346 հաստատված դեպք, առնվազն 2 հոգի մահացել է, մասնագետները ստուգում են երկրում շուրջ 5000 անձանց մոտ ախտանիշների առկայության հանգամանքը: COVID-19-ով վարակված առնվազն երկու անձ հայտնաբերվել է Վրաստանում, երկուսն էլ Իրանից են Վրաստան եկել:

Դեռ փետրվարի 23-ի դրությամբ Իրանում COVID-19-ով վարակման 43 հաստատված դեպք էր գրանցվել, այսօր արդեն` 47: Հիվանդներից 8-ը մահացել էին, ինչը Չինաստանի սահմաններից դուրս մահացության ամենաբարձր ցուցանիշն է համարվում: Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ մի շարք նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել, իսկ մի շարք մարզական միջոցառումներ կանցկացվեն առանց հանդիսականների: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը ներգրավված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարում, Թեհրանը կփորձի վարակը հաղթահարել նվազագույն կորուստներով:

«Բոլոր պետական ​​մարմինները, զինված ուժերը, հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն հասարակության առողջության համար,- ասել է Հասան Ռոհանին:- Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ հաստատել հիվանդության վերահսկողությունը՝ հնարավո նվազագույն վնասով» (Իրանի նախագահի խոսքերը մեջբերված են նրա պաշտոնական կայքում):

Մի շարք երկրների իշխանություններ որոշել են ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունն Իրանի հետ, փակել իրենց սահմանը՝ կանխելու համար կորոնավիրուսի հետագա տարածումը, որն այս երկրում սկսվել է փետրվարի 19-ից, Ղում նահանգից : Ղումն ուխտագնացության վայր է շիա մահմեդականների համար: Ըստ բժիշկների, վարակվածների մեծ մասը կա՛մ քաղաքի բնակիչներ են, կա՛մ գնացել են այնտեղ: Փետրվարի 23-ին Իրանի հետ իր սահմանը փակելու որոշում է  կայացրել Թուրքիան, որտեղ նույն օրվանից, տեղական ժամանակով 20:00-ից հետո Իրանից օդանավերն այլևս չէին կարողանալու վայրէջք կատարել: Պակիստանն ու Աֆղանստանը նույնպես փակել են իրենց սահմաններն Իրանի հետ: Վրաստանն ևս դադարեցրել է Իրանից օդային ճանապարհով ուղևորների ընդունումը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին Իրանում COVID-19-ի բռնկման կապակցությամբ հորդորում է պահպանել նախազգուշական միջոցներ Իրան այցելելիս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման սպառնալիքի պատճառով փետրվարի 23-ին հայտարարեց իրանա-հայկական սահմանը երկու շաբաթով փակելու, ինչպես նաև երկու երկրի միջև օդային հաղորդակցության դադարեցման մասին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ամփոփելով նիստի արդյունքները, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, և այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպքեր ունեն. մահվան 8 դեպք ունեն, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:

Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ»:

Սա նշանակում է, որ վերոնշյալ սահմանափակումներն, անհրաժեշտության դեպքում, կկիրառվեն նաև երկշաբաթյա ժամկետի լրանալուց հետո: Հասկանալի է, թե ինչերով է պայմանավորված վերոնշյալ սահմանափակումների մասնակի, ոչ ամբողջական լինելը: Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա բեռնափոխադրումների արգելքը բացասական ազդեցություն կունենա, բայց նույնիսկ դա հաշվի առնելով, նշված բեռնափոխադրումները պետք է արգելվեին: Ինչո՞ւ… Այն պարզ պատճառով, որ COVID-19-ով վարակվածների հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը 14-24 օր է, ընդ որում, այդ շրջանում նրանք վարակիչ են այլ անձանց, թերևս նաև` որոշ կենդանիների համար:

Ճիշտ է, նշվել է, որ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի, բայց ի՞նչ հատուկ հսկողության մասին է խոսքը… Վարորդների ջերմությունը չափելը, նրանցից COVID-19-ի ախտանշանների բացակայության վերաբերյալ հայտարարագիր պահանջելը, նույնիսկ նրանց շնչադիմակներ տալը և պահանջելը, որ ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում կրեն, կիրառեն դրանք, դեռ բավարար չեն կանխելու հնարավոր վարակակրի կողմից վիրուսի փոխանցումը: Իսկ Հայաստանի ունեցած թեստերը, եթե նույնիսկ համարենք, թե դրանք 100 տոկոսի ճշտությամբ հայտնաբերում են COVID-19-ով վարակվածությունը (ինչը մասնավորապես չինական թեստերի պարագայում բոլորովին էլ այդպես չէ դժվար թե բավարարեն բոլոր վարորդներին ստուգելու համար: Բացի այդ, ինչպես ավելի վաղ շեշտել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են տարբերակել այլ հիվանդություններից»: Սա նշանակում է, որ եթե Իրանից եկած ու հնարավոր վարակվածությամբ վարորդների մոտ կլինիկական ախտանշաններ դեռ ի հայտ չեն եկել, նրանք այդ թեստերով ստուգման չեն ենթարկվի:

Ավելին. որևէ խոսք չկա Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան բեռներ տեղափոխող մեքենաների մուտքը ՀՀ արգելելու, ինչպես նաև Իրանից վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու մասին: Կարճ ասած, COVID-19-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը կարող է վերածվել ռուսական ռուլետկայի: Թուրքիան լուրջ պետություն է և, ի տարբերություն մեզ, վտանգին ավելի լրջորեն է վերաբերվում:

Վերջին ավելի քան կես դարի ընթացքում, բացի ՄԻԱՎ-ից, չի եղել որևէ այլ տեսակի վիրուս ու դրանով վարակման դեպք, որ մարդկությանն այս աստիճան տագնապ պատճառի ու լինի այսքան վտանգավոր: Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն արդեն գերազանցել է էբոլայի զոհերի թվին, իսկ COVID-2019-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում էբոլայով վարակվածների թվին գերազանցել է արդեն անհամեմատելի կերպով:

Արթուր Հովհաննիսյան