Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են: Այս մասին հայտնել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են. Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ,  ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:  Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել  Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ: