Այսօր հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրն է

Ամեն տարի փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշվում է որպես հանցագործությունների զոհերի աջակցության օր՝ քրեական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց խնդիրների վրա ուշադրությունը սևեռելու նպատակով:

1990թ. փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակել է «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim’s Charter: Statement of the Rights of Victims of Crime):

Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հասարակություններին սկսել է մտահոգել  անցած դարի վերջից: 1985 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի հանցագործությունների կանխարգելման յոթերորդ կոնգրեսը հավանության արժանացրեց «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների» հռչակագիրը: 1985 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց այդ հռչակագիրն՝ առաջին անգամ համընդհանուր սկզբունքներ մշակելով հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի պաշտպանության և աջակցության համար:

Ներկայում մի շարք երկրներում ընդունվել և գործում են օրենքներ՝ ուղղված հանցավոր գործունեությունից տուժածների պաշտպանությանը, նրանց սոցիալական վերականգնմանը, նյութական և բարոյական վնասի փոխհատուցմանը: Աշխարհում հանցագործությունների հետևանքով տուժածների օգնության շուրջ 200 ծրագիր է գործում:

Այդպիսի ծրագրերն իրականում օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դուրս գալ ճգնաժամից, ի վերջո՝ պարզապես տրամադրում են նյութական և բարոյական աջակցություն:

Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը տարբեր երկրներում կրթական միջոցառումներ են անցկացվում, հասարակական ակցիաներ, համաժողովներ, «թեժ գծեր» են կազմակերպվում, իրականացվում է դրամահավաք՝ հանցագործությունների զոհերի աջակցության համար, որոնք նախաձեռնում են հիմնականում իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները՝ ներգրավելով իշխանական և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներին:  Այդ օրը նաև  տուժածների օգտին օրենքների ընդունման պրակտիկա է տարածված: