Ժողովրդավարական առումով Արցախում և Ադրբեջանում գոյություն ունեն բոլորովին տարբեր իրողություններ. Ն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արցախում կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ Արցախում առ այսօր տեղի ունեցած ընտրություններն ապացուցում են, որ ժողովրդավարական առումով Արցախում և Ադրբեջանում գոյություն ունեն բոլորովին տարբեր իրողություններ։

«Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը երկու երկրների տնտեսությունների մրցունակությունն է:

«Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի»,– ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրություն հրավիրել մեկ այլ խնդրի վրա: Վարչապետը նշել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում «մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով»:

«Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»,– ասել է նա: