Ծանր ժամանակներ նախագահ Էրդողանի համար

Թվում է, թե Թուրքիային ծանր ժամանակներ են սպասում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդհատ ստիպված է արձագանքել ինչ-որ բանի, ինչ-որ կերպ արդարանալ: Նա փնտրտուքների մեջ է. պետք է մտածի, թե ինչ անի և իր, և երկրի, և հարևանների հետ: Վերջերս Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցել էր. իրականացվել է հիանալի գործողություն, ոչնչացվել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) չորս քուրդ պարտիզաններ: Ավելին, կարծես թե Իրաքի լեռներում: Ո՞վ կհաստատի, ո՞վ  կհերքի: Ինքնին Թուրքիայում հաստատում չկա: Բայց երկրի ՆԳՆ-ն փորձում է «մրցակցել» զինված ուժերի հետ․ հաղթականորեն զեկուցում է ՔԲԿ անդամի և ևս 23 հոգու ձերբակալման մասին, ովքեր կասկածվում են այս կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:

Անկարայի ճնշումներում «քրդական թեման» հասկանալի է: Հարևան Սիրիայի սահմանամերձ տարածքներում, քրդերի և ամերիկացիների միջև վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո, ինչպես կարելի է ենթադրել, գրեթե բոլոր քրդական կազմակերպություններն ու կուսակցությունները հայտարարել են նախագահ Բաշար ալ-Ասադի կողմն անցնելու, Ռուսաստանի և Իրանի հետ դաշինք կնքելու պատրաստակամության մասին: Սիրիայի քրդերի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են նույնիսկ Թուրքիայի և ԱՄՆ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին: Հաղորդագրությունները հրապարակվել են փետրվարի 18-ին քուրդ առաջնորդների թվիթերյան էջերում: Քրդերն իրենց դիմումներում նշում էին, որ Սիրիայի կառավարությունը նախագահ Ալ-Ասադի գլխավորությամբ փորձում է հանրապետությունը վերադարձնել խաղաղ կյանքի, և այս ուղղությամբ հիմնական խոչընդոտը Թուրքիան է, թուրքամետ ջիհադիստներն ու ամերիկյան զորքերը: «Թուրքիան մեր գլխավոր հակառակորդն է: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի, Իրանի և սիրիական բանակի հետ պայքարել թուրք օկուպանտների և նրանց դաշնակից ահաբեկիչների դեմ, իսկ ԱՄՆ կողմից մեր հողերի նկատմամբ ոտնձգության փորձերի դեպքում պատրաստ ենք նրանց պատերազմել»,- ասված է քուրդ առաջնորդների ներկայացուցիչների կոչում: Բնականաբար, նման պայմաններում Էրդողանի մոտ կրկին «հակաքրդական քոր» է առաջանում. քուրդ առաջնորդների կողմից սա ուղղակի սպառնալիք է, ընդ որում՝ շատ գաղտնի ենթաիմաստով:

Բայց սա Էրդողանի գլխավոր դժվարությունը չէ: Զուգադիպություն է, թե ոչ, թուրքական ընդդիմության մի շարք կուսակցություններ մեղադրել են նախագահին այն բանի համար, որ նա  շարունաում է լինել… իբր ապստամբ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա FETO կազմակերպության դրածոն: Դա մեղադրանք է, որը Էրդողանի համար նման է քաղաքական ինքնասպանության: Չէ՞ որ արդեն շուրջ 5 տարի նա «Գյուլենի հարցը» վերածել էր ԱՄՆ-ի հետ քաղաքական գործարքների առարկայի. քարոզիչը թաքնվում է Ամերիկայում, և Վաշինգտոնը, իբր թե «չի հանձնում» Գյուլենին թուրքական իշխանություններին: Եվ ահա ընդդիմության կոշտ մեղադրանքները, ընդ որում՝ Էրդողանի համար ամենաանհարմար պահին: Եվ Թուրքիան անցավ «գյուլենականների» նոր ձերբակալություններին: Փետրվարի 18-ին, Թուրքիայի դատախազությունը արձակել է 228 մարդու ձերբակալման հրամանագրեր, որոնք կասկածվում են Գյուլենի հետ կապ ունենալու մեջ, նույն օրը, կասկածյալներին հայտնաբերելու համար հատուկ գործողությունները սկսվել են անմիջապես պետության 43 նահանգներում, միայն գործողությունների առաջին օրը ձերբակալվել է 50 մարդ, այդ թվում՝ բանակում, ոստիկանությունում, ժանդարմերիայում, անվտանգության ծառայությունում:

Ահա, թե ինչ ֆոնի վրա Էրդողանը «հաջողության չի հասնում» Սիրիայի հարցում․ ոչ մի կերպ չի կարող գտնել որևէ «փոխըմբռնում» ոչ Ռուսաստանում, ոչ էլ Իրանում: Ավելի վատ, քան հիմա, Էրդողանի համար կարող է լինել այն ժամանակ, երբ նրա ներքին հակառակորդները «փոխըմբռնում» գտնեն Մոսկվայում և Թեհրանում: Եվ այսօր, ըստ ամենայնի, դա չպետք է բացառել: Ի վերջո, Ռուսաստանն ու Իրանը հոգնել են, որ Էրդողանը 3-4 տարի անընդմեջ փաստացի խաբում է Մոսկվային և Թեհրանին Սիրիայի հարցում։ Էրդողանի և Թուրքիայի համար նաև վատ է, որ սիրիական քրդերը «թողել են» Միացյալ Նահանգները և պատրաստ են օգնել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործում:

Սերգեյ Շաքարյանց