Կորոնավիրուսի պատճառով ուժեղացվել է ցամաքային և օդային ճանապարհով Իրանից Հայաստան եկողների հսկողությունը

Թեև նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են հարևան Իրանում, Հայաստանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ:

«Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:

Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին.

  • Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե՛ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին միԲ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
  • հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
  • հետևե՛ք անձնական հիգիենային»,- գրել է նախարարը։