Մենք անիրավացիորեն նեղացնում ենք մեր լեզվի սահմանները՝ դրանով նեղացնելով մեր երկրի սահմանները

Այսօր Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օրն է, որն ի սկզբանե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դեռ 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով  հռչակվել է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Տոնը նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, իսկ Հայաստանում այն սկսել են նշել 2005 թվականից։ Բայց սովորաբար այդ օրվա կապակցությամբ միջոցառումներն օջախային են և այդպես էլ լեզվի հետ կապված խնդիրների համակարգված լուծումների առիթ չեն դառնում, հնարավորություն չեն ստեղծում վերարժևորելու մեր անգին հարստությունը, մեր երախտիքի տուրքը մատուցելու մայրենի լեզվին և պատվարելու այն արտաքին վտանգներից։ Այնինչ նման առանձնահատուկ տոն սահմանելու պատճառը մայրենի լեզվի՝ բենգալերենի համար մարտնչած նվիրյալների մաքառումն ու մահն է եղել․ 1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Բուռն իրադարձությունների հիշատակի համար էլ հենց 1999 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր հռչակեց։

Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ այսօր աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։

Մեր մայրենին՝ հայերենը, թեև կորստի չի մատնված, կործանման, վերացման եզրին չէ, սակայն սրտացավ մասնագետները տարիներ ի վեր բարձրաձայնում են հայոց լեզվի արհամարհված ու ստորադասված կարգավիճակի, այն աղճատելու փորձերի ու պետական հոգածության, ուշադրության բացակայության մասին։ Այնինչ ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, այդպես էլ մեսրոպատառ հայերենը, հայոց լեզուն դարերի միջով ուղեկցել է հայ ժողովորդին և որպես վահան ու փարոս ծառայել՝ մեզ պաշտպանելով կործանումից, ուծացումից, մեր դիմագիծը կորցնելուց։ Ինչպես հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է գրել՝ «Լեզուն փոխարինել է և պետություն, և բանակ, և բերդ։ Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»: Իսկ Վահան Տերյանը մեզ ավանդել է․«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»: Հիրավի, մեր պատմությունը փաստում է՝ բազմաթիվ թնամիների ստրկություններից մենք կարողացել ենք նորից պետություն հիմնել, ամբարել մեր մշակույթն ու հոգևոր արժեքները նաև հայերենի պահպանման, սերնդեսերունդ փոխանցելու, լեզուն արժևորելու շնորհիվ, ինչի մասին գրել է նաև Վարդանանց պատերազմի մասին վկայություն թողած պատմիչ Եղիշեն․ «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Որքանո՞վ ենք մենք գիտակցում մայրենիի այս առաքելությունը և ինչպե՞ս ենք այն օգտագործում՝ ի նպաստ պետությա՞ն, թե հակառակը՝ պետականաքանդ քաղաքականություն իրականացնելով, կարողանո՞ւմ ենք արդյոք որպես պետություն պահպանել հայոց լեզուն արտաքին մարտահրավերներց, թե հակառակը՝ տուրք ենք տալիս դրանց և ակամա դառնում մեր լեզվի, մեր ազգի, մեր պետության թշնամին։ Չգիտեմ, հատուկ միտումո՞վ, թե չմտածված կերպով ամիսներ առաջ լեզուն, մշակույթը, գիտությունը, կրթությունը պաշտպանելու կոչված պետական գերատեսչությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը, մի վիճահարույց նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է բուհական ծրագրերի պարտադիր առարկաների ցանկից հանել հայոց պատմություն, հայոց լեզու առարկաները և դրանք դարձնել հայեցողական։ Բարեբախտաբար  հանրության գիտակից մասն ընդդիմացավ նախարարության այդ քաղաքականությանը, ինչպես որ ժամանակին բենգալացիները պայքարեցին իրենց լեզվի համար։ Բայց կառավարությունը հետ չկանգնեց իր մտադրությունից՝ ընդամենը սառեցնելով գործընթացը և թերևս ավելի հարմար ժամանակների սպասելով։ Սարսափելի է, երբ հենց պետությունն է պայքարում իր գոյության համար պարտադիր արժեքների, կառույցների դեմ, իր իսկ ոտքերի տակ փորելով, իր իսկ ժողովրդին դեպի անդունդն ուղեկցելով։ Այլ բնորոշում չեմ կարող տալ այդ ազգադավ, ապապետական, ապալեզվական ու ապահայագիտական որոշմանը, որին թերևս հանգեցրել է տասնամյակներ ի վեր հայոց լեզվի նկատմամբ պետության վարած տխուր քաղաքականությունը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Լեզվի պետական տեսչության նախկին պետի տեղակալ, ՀԽ անդամ Մարինե Հովյանը՝ հայերենը թեև պաշտպանված է Անկախության հռչակագրով, ՀՀ սահմանադրությամբ և «Լեզվի մասին» ՀՀ օրենքով և դրանք այն գլխավոր փաստաթղթերն են, որոնք ուղղված են մեր լեզվի պահպանությանն ու զորացմանը, սակայն իրականում այդ փաստաթղթերը նպատակին չեն ծառայում․ «Թվում էր, թե իրավական տեսակետից ավելի նպաստավոր պատմական շրջան, քան այսօրվանն է, երբևէ չի եղել։ Մինչդեռ այսօր ամեն քայլափոխի ավիրվում է մեր լեզուն, ավիրվում է հենց մեր ձեռքով։ Մենք ունենք օրենսդրական պարտավորություն պահպանելու, զարգացնելու և տարածելու հայերենը, բայց արդյո՞ք նախանձախնդիր ենք մեր արքայական լեզուն օտար ոտնձգություններից պաշտպանելու հարցում։ Մեղմ ասած՝ ոչ»։

Ըստ նրա՝ դեռևս 1993-1994 թվականներին նախատեսված էր մշակելու պետական լեզվական քաղաքականության ծրագիր, բայց այն մշակվեց տարիներ հետո միայն՝ 2002 թվականին, և գործեց մինչև 2005 թվականը։ Այն էլ ծրագիրն, ըստ մեր զրուցակցի, նպատակին չծառայեց, քանի որ հիմնականում չֆինանսավորվեց, իսկ ծրագրի ժամկետը լրանալուց հետո իրենց նոր ծրագիր մշակելու և իրականացնելու բոլոր փորձերը ձախողվել են։

«Հազարավոր լեզուների գունեղ խճանկարում հայերենը մեզ համար առանձնանում է նրանով, որ այն մերն է, չէ՞ որ, ինչպես բանաստեղծն է ասում, «մեր լեզուն մենք ենք, որ կանք»։ Մեր լեզվով է պայմանավորված մեր հետագա գոյությունը այս արևի տակ, և հենց այդ պատճառով պետք է ջանք, ֆինանսական միջոցներ չխնայենք այն պահպանելու և զարգացնելու համար։ Մենք «պարտավոր ենք հաղթել շախմատային այն խաղը, որն սկսել է Մեսրոպ Մաշտոցը»»,- գնահատելով հայերենի դերը մեզ համար՝ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետի տեղակալը։

Մեր այն հարցին, թե հայոց լեզվի պաշտպանությանը, անաղարտության պահպանությանը կոչված կառույցը՝ Լեզվի պետական կոմիտեն, ի՞նչ արդյունավետությամբ է իրականացնում իր գործառույթները, տիկին Մարինեն ասաց, որ կառույցը հեռացել է իր առջև դրված խնդիրներից։ Դրա պատճառը Կառավարության կողմից համակարգված և հստակ լեզվական քաղաքականության բացակայությունն է․ «Կառավարության ծրագրում մի երկու կցկտուր դրույթ կա ԶԼՄ- ների լեզվի վերաբերյալ, ուրիշ ոչինչ։ Քանի դեռ երկրում չկա միասնական պետական լեզվական քաղաքականություն, բոլոր գործողությունները նմանվելու են այս ու այնտեղ կրակներ հանգցնելուն»։

Խոսելով հեռուստաեթերի և լրատվամիջոցների լեզվի մասին՝ նա ասաց, որ այդ առումով ևս հստակ ռազմավարություն և գործողություններ չկան․ «Լեզվի կոմիտեն, որքան գիտեմ, հետևում է եթերի, մամուլի լեզվին, բայց ես մնում եմ իմ այն համոզմանը, որ հորդորակներով հեռու չես գնա. մենք վերջին տարիներին այնքան թուլացրինք մեր լեզուն, որ հիմա կոշտ քաղաքականության անհրաժեշտություն է առաջացել այդ ոլորտում։

Մենք անիրավացիորեն նեղացնում ենք մեր լեզվի սահմանները՝ դրանով նեղացնելով մեր երկրի սահմանները։ Սա շատ վտանգավոր և կազմաքանդող քաղաքականություն է»։

Թագուհի Ասլանյան