Փաշինյանը մեկնաբանել է ԼՂ հարցի վերաբերյալ Մյունխենում արած իր հայտարարությունները

Լեռնային Ղարաբաղի համար չկան տարածքներ, կա անվտանգություն, և Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը: Վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատեց Մյունխենի անվտանգութան համաժողովի շրջանակում իր հայտարարությունը։

«Մենք ասում ենք, որ այդ ստատուս քվոն, երբ ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որպեսզի դառնան անհասանելի: Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև տարածքային ամբողջականության վերաբերյալ առկա շահարկումներին:

«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, այդ որ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին են խոսում: Երբ Ադրբեջանն անկախություն է ստացել, Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը պահպանե՞լ է արդյոք: Հակահարց կարող է հնչել, որ Խորհրդային Միություն պետությունն այլևս գոյություն չունի, բայց գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը, այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է: Այս դիսկուրսն ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում:

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։