Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ժողովրդին, որպեսզի անի այն քայլերը, ինչի համար եկել է իշխանության (տեսանյութ)

Բայց պետք է սիրտ ունենա, որ սրտի ուզածը կարողանա անել

 Ազատամարտիկ, ռազմական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աթոռին է հայտնվել Արցախը վտանգելու ու մեր անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու համար, իսկ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։

«Այս հանդիպումը, որը տեղի ունեցավ Մյունխենում, խայտառակություն էր, խայտառակություն էր, երբ որ հաղթանակած երկրի ղեկավարի դիմաց նստած երկրի նախագահը ծիծաղում է ամբողջ պատվիրակությամբ,- LIVEnews.am-ի հեռուստատաղավարում ասաց Գևորգ Գևորգյանը։- Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է ժողովրդին, որպեսզի անի այն քայլերը, ինչի համար ինքն եկել է իշխանության։ Ո՞ւմ պատվերն է ինքը կատարում և ինչի՞ համար․․․ Ամեն դեպքում ես, որպես քաղաքացի, հայ, չեմ տեսնում դա ի օգուտ իմ երկրի ու պետականության։ Եթե ես հաղթել եմ, ու իմ հսղթանակը չի բարձրաձայնում իմ երկրի ղեկավարը, եթե ես հաղթել եմ, ու իմ դիմաց նստում է թուրքը, ադրբեջանցին ու սկսում է ծիծաղել իմ վրա (որովհետև ծիծաղելով իր վրա, ծիծաղում են իմ վրա, ծիծաղում են զինվորի վրա), եթե հենց այսօր կառավարության շենքի դիմաց արդեն բողոքի ակցիա է՝ Արցախ զինվորներ տանելու-չտանելու, դուք պատկերացնո՞ւմ եք մենք ուր ենք հասել»։

Ըստ LIVEnews.am-ի հյուրի, Այն սև գիծը, այն պառակտող գիծը, որն այսօր բերել է Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին՝ մերժելով, սևերի ու սպիտակների բաժանելով, կործանում է մեր բանակը։

«Արցախն առանձին չէ, «Արցախ» ասելով, մենք հասկանում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգությունը,- ասաց Գևորգ Գևորգյանը։- Արցախը մեր պետականության, մեր երկրի մի մասնիկն է, մեր սիրտն է, ու եթե կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական կնքահայրը, կնքահայրերը միգուցե արդեն, բոլորը շատ լավ գիտակցում են, ու դա գիտակցելով, այսօր խեղաթյուրում են ամեն ինչ՝ հարվածի տակ դնելով անմիջապես մեր անվտանգությունը»։

Ով հարվածում է մեր անվտանգությանը, ռազմական ու հասարակական գործչի համոզմամբ, ինքը երկրի թշնամի կարող է լինել, երկրի մասին, ժողովրդի մասին մտածողը չի կարող հարվածել անվտանգությանը, երկրի պատասխանատուն պետք է պատասխանատվություն կրի անվտանգության համար, ոչ թե վտանգի, իսկ այսօր, 2 տարի շարունակ, բոլոր քայլերը միտված են մեր երկրի անվտանգությունը վտանգելուն, թուլացնելուն ու պառակտելուն, պառակտելով հասարակությանը, հարվածում ես անվտանգությունը։

«Երբ ասում ենք հող հանձնել, մենք անընդհատ չենք հասկանում, թե դա ինչպես է արվում, մեզ թվում է ինչ-որ մի բան պետք է վերցնեն, տան, դա տարբեր միջոցներով է արվում,- ասաց Գևորգ Գևորգյանը։- Այսօր յուրաքանչյուր հայ մարդու կյանքը վտանգված է, մեր երկիրը, պետականությունն այսօր վտանգված են, այն պետականությունը, որի համար պայքարել եմ ես, որի համար պայքարել են իմ զինակից ընկերները, որի համար պայքարել է ամբողջ ազգը, ժողովուրդը տարիներ շարունակ․․․ Ու ես թույլ չե՛մ տալու, որ կամակատարների, կապիկների, նապաստակների պատճառով մենք պետականություն կորցնենք, երկիր կորցնենք, ես և իմ ընկերները, մե՛նք թույլ չենք տալու, ու դա թող բոլորի ականջին օղ լինի՝ սկսած վարչապետից»։

Մանրամասները՝ տեսանյութում