Սիրիայում շարունակվում է «Ազատագրում» գործողությունը

Օրերս մենք հայտնել ենք, որ չնայած Թուրքիայի սպառնալիքներին և շանտաժին, Սիրիայի իշխանություններն ու բանակը շարունակում են ազատագրել իրենց տարածքները: Փետրվարի 17-ին և 18-ին տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք պետք է համարվեն թուրքական օկուպացիայից ազատագրման խորհրդանիշ: Օրինակ՝ Դամասկոսից հաղորդվել է, որ Հալեպի նահանգի ոստիկանության վարչությունը բարձրացրել է Սիրիայի ազգային դրոշը նահանգի արևմուտքում գտնվող Խան ալ-Ասալի Ոստիկանության դպրոցի շենքի վրա: Ոստիկանական դեպարտամենտի ղեկավար, գեներալ Աիսամ ալ-Շելին նշել է ահաբեկչական խմբավորումների թիրախ Ոստիկանության դպրոցի տեղակայման վայրի ռազմավարական նշանակությունը՝ բարձր գնահատելով սիրիական բանակի և ներքին անվտանգության ուժերի գործողությունները: Ըստ նրա, առաջիկա օրերին շենքում կսկսվեն վերականգնման աշխատանքներ, իսկ դրանց ավարտից հետո՝ նաև ուսումնական գործընթացը:

2012-15 թթ․ Ոստիկանության դպրոցի համար  թեժ մարտեր էին ընթանում, այս տարածքը տասնյակ անգամներ ձեռքից ձեռք անցան։ Վերջին անգամ բանակն ու շիական աշխարհազորայինները նահանջել են այստեղից 2016-ին, երբ բոլոր ուժերը կենտրոնացած էին Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերի ազատագրման վրա: Այնուհետև Թուրքիան այստեղ է տեղափոխել Արևելյան Հալեպից և Արևելյան Գութայից ողջ մնացած ահաբեկիչներին: Չորս տարի շարունակ սիրիական բանակն ու անվտանգության ուժերը չէին կարող մտնել այստեղ, գործում էին Թուրքիայի հետ պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանը և Իրանը կնքել էին Անկարայի հետ 2017-ի հունվարին՝ որպես Աստանայի գործընթացի մաս: Եվ ահա երկար սպասված ազատագրումը: Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Խան ալ-Ասալի և Ազ-Զերբա գյուղի ազատագրումից հետո հարյուրավոր բնակիչներ, այդ թվում քրիստոնյաներ, շտապել են Դամասկոս-Հալեպ մայրուղով․ չէ՞ որ Հալեպն իրավամբ համարվում է սիրիական քրիստոնյաների «մայրաքաղաք»: Վերադառնում են բոլորը` և աշխատավորները, և ինժեներները, և բժիշկները, և գործարարները, և մոտակա գյուղերի գյուղացիները:

Հիշեցնենք, որ Սիրիան պաշտոնապես մեղադրել է Թուրքիային և Իսրայելին, որ նրանք դաշնակիցներ են ահաբեկիչներին օգնելու գործում և, հետևաբար, դաշնակիցներ են Սիրիայի դեմ պատերազմում: Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 10 օր շարունակ խաղում է «վիրավորվածի» դեր, Ռուսաստանի և Իրանի կոշտ հիշեցումներից հետո, որ հենց Անկարան չի կատարում Աստանայի գործընթացով ստանձնած պարտավորությունները և Սոչիի համաձայնագրերը Իդլիբում անվերապահ դեէսկալացիայի մասին, Թուրքիան այլ ելք չուներ, քան գնալ և շտապ պայմանավորվել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի հետ: Ընդ որում, Թեհրանից ոչ միայն Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն է հանդես եկել Թուրքիային ուղղված կոշտ հայտարարություններով, այլև նախագահ Հասան Ռոհանին: Փետրվարի 17-18-ը թուրքերը բանակցում էին ռուսների հետ, և դեռ երկար ժամանակ չենք պարզի, թե կողմերը ինչ հայտարարի են եկել: Այնուհետև թուրքերը բանակցություններ են վարելու իրանցիների հետ, և մենք նույնպես դեռ երկար ժամանակ չենք իմանա, թե ինչ է Իրանը հարկադրելու թուրքական պատվիրակությանը: Այնուամենայնիվ, եկեք ուշադրություն դարձնենք. Թուրքիայի իշխանությունների պահվածքի մի փոքր փոփոխություն է նկատվում այն պահից, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մյունխենում երկար ժամանակ զրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Եվ արդյունքն իրեն երկար սպասել չստիպեց. արդեն ոչ միայն ռուսական, սիրիական և իրանական ԶԼՄ-ները, այլև ամբողջ աշխարհի ԶԼՄ-ները հայտնում էին, որ թուրքական զորքերի շարասյուները շարժվում են դեպի իրենց սահմանները, իսկ ռուսական զորքերը «ուղեկցում են» նրանց  և հետևում, որ թուրքերը ճանապարհին չմոլորվեն և հաստատ անցնեն Թուրքիայի տարածք:

Իհարկե, Սիրիայի ողբերգությունը դեռ չի ավարտվել: Հալեպ նահանգի տարածքների ազատագրումից հետո հերթի մեջ են Լաթաքիայի նահանգի օկուպացված շրջանները, որոնցում բնակչության ճնշող մեծամասնությունն ալավիներ և հայեր են, Իդլիբ նահանգը, ինչպես նաև տարածքներ, որտեղ բնակվում էր խառը բնակչություն՝ քրդերի գերակշռությամբ (օրինակ՝ Աֆրին, Ռաս ալ-Աին և այլն): Սակայն այժմ Հյուսիսային Սիրիայի ժողովուրդների առջև իրոք թուրքական օկուպացիայից լիակատար ազատագրման հույսի ճառագայթ է երևում: Միևնույն ժամանակ, առայժմ հայտնի է, որ Մոսկվայում բանակցություններից հետո Թուրքիան հանկարծ առաջարկել է «Իդլիբի հարցով» նոր հանդիպում անցկացնել Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Մեզ համար դժվար է ասել, թե ինչ հույսեր ունի Էրդողանը, բայց կհամարձակվենք նախապես ասել. ոչինչ չի փրկի Թուրքիային՝ Սիրիայից հեռանալու անհրաժեշտությունից:

Սերգեյ Շաքարյանց