Որբերի Ամենայն հայոց հայրիկը

1915 թ․ամռանը Թումանյանը ղեկավարում էր Էջմիածնի որբանոցը․ ընդունում էր անխտիր Հայաստան մտած բոլոր որբերին, ապա բաշխում այլ որբանոցների։ Նա իր վրա էր վերցրել 1915 թ․ հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստան ոտք դրած Եղեռնից մազապուրծ գրեթե բոլոր որբերի, հայրենազուրկ մանուկների ցավն ու տառապանքը։

Ազգամիջյան արյունահեղությունների ու սովի տարիներին, բազում պարտքերի տակ կքած, Թումանյանը տարբեր աղբյուրներից միջոցներ էր հատկացնում որբերին․ վերցնում էր նաև իր երեխաներից և տալիս նրանց։

Հայոց աշխարհում «Որբերի հայրիկ», «Որբաշխարհի ամենահարազատը» անվանեցին Ամենայն հայոց բանաստեղծին, հայ ժողովրդի պատմության մեջ ապահովելով նրան «Որբերի Ամենայն հայոց հայրիկ» թեև ողբերգական, բայց պատվավոր դերը։

1915 թ․ հայ ժողովրդի համար ամենածանր, եղերական տարին էր։ Ամռանը Էջմիածին էին շտապում Ալաշկերտի, Էրզրումի, Մուշի, Վանի կոտորածներից փրկված հայության վերջին բեկորները։ Օդի ու ջրի պես անհրաժեշտ էին գործունյա, անձնազոհ նվիրյալներ։

1945 թ․ օգոստոսին որբերի թիվն անցնում է երեք հազարից և «նոր որբանոց է բացվում բաց օդում»։ Էջմիածնում կուչ եկած 45000-ից ավելի հայությանը Թումանյանը հաց էր բաժանում։ Երեխաները նրան «հայրիկ» էին անվանում։

Որդեգիրները հաճախ էին լինում նրա տանը, ճաշում այնտեղ և ամեն անգամ գտնում ջերմ ընդունելություն։ Վաղարշակ Նորենցը հետագայում գրում է․«Ես մեծ բանաստեղծի ընտանիքում գտնում էի մխիթարություն, հարազատ անկյուն։ Բառացի ընդունելով Թումանյանի՝ «ուզածդ  ժամանակ արի» խոսքը, ես տեղի և անտեղի, առանց ժամանակի պատշաճության մասին մտածելու՝ գնում էի նրա մոտ․․․ Երբեմն գնում էի առավոտյան շատ կանուխ, երբ նա լինում էր դեռ անկողնում, երբեմն նախաճաշի կամ ճաշի ժամանակ․․․ Այդ սքանչելի ընտանիքի հոգատար և մտերմիկ մթնոլորտում ես երբեք չզգացի կեղծ կամ սենտիմենտալ կարեկցության վիրավորիչ որևէ դրսևորում»։

Աղբյուրը՝ Սամվել Հարոյան, «Ամենայն հայոց բանաստեղծը»