Նոր կորոնավիրուսը կարող է ավելի մեծ տարածում ստանալ

Նոր կորոնավիրուսի համաճարակի արդյունքում զոհերի թիվը երեկ արդեն գերազանցել է 2000-ը: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովը: Փետրվարի 18-ի ժամը 24:00-ի դրությամբ Չինաստանում COVID-19-ի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 2004-ի, հասկանալի է, որ այս պահին նրանց թիվն ավելին է, զոհեր կան նաև այլ երկրներում, ու, թերևս, բոլորն էլ հասկանում են, որ համաճարակը նորանոր զոհեր է խլելու:

Անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ից հիվանդանալու 1749 նոր դեպք, 2018թ. դեկտեմբերի 12-ից ի հայտ եկած նոր կորոնավիրուսից հիվանդացածների թիվը, այսօր առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, հասել է 74 185-ի, նրանցից մի քանի հազարի վիճակը ծանր ու խիստ ծանր է: Ընդգծենք, որ խոսքը վերաբերվում է միայն այն հիվանդացածներին, որոնց մոտ արդեն ի հայտ են եկել հիվանդության ախտանիշները, մինչդեռ COVID-19 վարակվածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, պարզապես նրանց մոտ հիվանդությունը գտնվում է գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում: Միաժամանակ նշենք, որ նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածներից 14 352 հոգի արդեն բուժվել է: Չինաստանից բացի, վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 25 երկրում:

Չինաստանի իշխանություններն օրերս 10 տարվա ազատազրկում, ցմահ ազատազրկում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մահապատիժ սահմանեցին երկրի այն բնակիչների համար, ովքեր կթաքցնեն նոր կորոնավիրուսով վարակման իրենց մոտ ի հայտ եկած ախտանշանները ու չեն դիմի բժշկի:

Փետրվարի 17-ին հայտնի դարձավ նոր կորոնավիրուսով` 2019-nCoV-ով Ռուսաստանի առաջին քաղաքացու վարակման մասին: ՌԴ բնակչուհին վարակվել է «Diamond Princess» ճամփորդական հանրանավում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղեկացմամբ, հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածն առնվազն 14 օր է, և, վերջին տվյալների համաձայն, այն կարող է տևել մինչև 24 օր: Ինկուբացիոն շրջանը գաղտնի (լատենտ) այն ժամանակաշրջանն, որը հաշվվում է օրգանիզմ վարակի մուտքի կամ վարակման պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։ Նոր կորոնավիրուսի թերևս ամենամեծ վտանգն այն է, որ, ինչպես պարզել են չինացի ու ճապոնացի գիտնականները, այն այլ անձանց փոխանցվում է նաև ինկուբացիոն շրջանում, երբ վարակվածի մոտ հիվանդության առաջին ախտանշանները դեռ ի հայտ չեն եկել, նա իրեն առողջ է զգում, բնավ չի կասկածում, որ վարակված է, հետևաբար և հիվանդանոցում կամ մեկուսացված չէ: Այսինքն` նոր կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր ոք առնվազն 14-24 օր չվնասազերծված ու գործողության մեջ գտնվող «կենսաբանական զենք» է, որն անարգել կարող է վարակել մարդկանց և որոշ կենդանիների: Հենց սրանով է բացատրվում նոր կորոնավիրուսով վարակման սրընթաց աճը:

Նկատենք, որ գաղտնի շրջանի մինչև 24 օր տևելու պարագայում մինչ այժմ սահմանվող երկշաբաթյա կարանտինը կարող է ամենևին բավարար չլինել ու չկանխել վարակի հետագա տարածումը

Ռուսաստանն արդեն ժամանակավորապես արգելել է աշխատանքային, ուսման, զբոսաշրջության և անձնական նպատակներով Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ: Սա հարկադրական քայլ է` Ռուսաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, քանի որ Ռուսաստանի միայն զբոսաշրջային բիզնեսը չինացիների բացակայության հետևանքով կարող է մինչև 30 մլրդ ռուբլու կորուստ ունենալ:

Արթուր Հովհաննիսյան