Հովհաննես Թումանյանը՝ «միաժամանակ յոթ վարչության նախագահ»

Մշակութային հիմախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը Թումանյանի ազգային գործունեության կարևորագույն մասն էին կազմում։ Նրա գործունեությունը անխզելիորեն կապված էր համազգային նշանակության հասարակական ընկերությունների ու միությունների գործունեության հետ, որոնց մի մասի վարչության անդամ էր և մոտ տասը ընկերությունների նախագահ։

Թումանյանը Հայոց ազգային բյուրոյի անդամ էր, Հայ գրողների կովկասյան ընկերության, Հայ գրչի մշակների միության, Հայոց հայրենակցական միությունների միության, Հայ արվեստի տան (Հայարտուն), Պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները ցուցակագրող հանձնաժողովի և այլ ընկերությունների ու միությունների նախագահը․․․

Թումանյանը 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ գրական և մշակութային կյանքի ղեկավարն էր։ Պետականության բացակայության պայմաններում այդպիսի դերակատարումը վիթխարի ջանքեր ու նվիրում էր պահանջում, արտաքին ու ներքին աներևակայելի դժվարություններ հաղթահարելու տաղանդ։ Նրա ղեկավարած ընկերությունները պետականություն չունեցող հայության համար իրականացնում էին պետական նշանակության գործառույթներ։

1914 թ․մարտի 29-ին Երաժշտական դպրոցի դահլիճում հայտարարվեց Հայոց պատմական և հնագիտական ընկերության բացումը։ Թումանյանի անունը այդ ընկերության հիմնադիրների շարքում էր։

Նա մասնակից էր Բաքվի Հայ գրասիրաց ընկերության, Թիֆլիսի Հայ արվեստագետների միության, Հայոց երաժշտական ընկերության և այլ ընկերությունների ստեղծմանն ու գործունեությանը։

Իբրև գրողների «Մայր ընկերության» (Հայ գրողների կովկասյան ընկերություն) նախագահ՝ աշխատում էր օգնել Աշտարակում, Աստրախանում, Գորիսում, Գորիսում ստեղծված գրական ընկերություններին, անձամբ էր զբաղվում նրանց համար գրադարաններ հիմնելու, բանախոսներ տրամադրելու և այլ գործերով։ Դուստրը՝ Նվարդը, վկայում է, որ հայրը «միաժամանակ յոթ վարչության նախագահ էր»։

1915թ․ հունիսի 19-ին Թումանյանը վերընտրվում է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության հրատարակչական ֆոնդի մասնաժողովի անդամ։

Նա հիմնում և նախագահում է Կովկասյան  ազգերի կուլտուրական միությունը, Հայկազյան ընկերությունը, որի նպատակն էր հիմնել հայկական ակադեմիա ու համալսարան։

1916թ․ գարնանը նրա ձեռնարկներից էին ժողովրդական գրադարանների ստեղծումն ու գրական դասընթացների կազմակերպումը։

Աղբյուրը՝ Սամվել Հարոյան, «Ամենայն հայոց բանաստեղծը»