Պահանջատեր սերունդ դաստիարակելու փոխարեն՝ հանդուրժողականություն ենք սերմանում (տեսանյութ)

Վերջերս Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը՝ Թուրքիային դատապարտելով մարդկության դեմ իրագործած չարագործությունների համար։ Իրավաբան, Համահայկական միջազգային ակադեմիայի անդամ Պերճուհի Եթարյանը այդ գործընթացը մի կողմից դրական է համարում, մյուս կողմից էլ նշում, որ ի վերջո քաղաքական շահարկումների արդյունքում այդ բանաձևն ընդունվեց․ Սիրիան Թուրքիային այդ ձևով մատ թափ տալու հնարավորություն տեսավ։ Եվ այս տեսակետից անընդունելի է, երբ հայերիս հետ պատահած դժբախտությունն այլ պետությունները սեփական շահերի համար են օգտագործում։ Ահա ինչու ճիշտ ժամանակն է, որ Հայաստան պետությունն աշխարհին և հենց Թուրքիային այլ օրախնդիր թելադրի՝ իրավատիրության և պահանջատիրության։ Որպես ոչ միայն ցեղասպանված, այլև հայրենազրկված ժողովուրդ՝ հայերը պետք է ցույց տան աշխարհին, որ այսօր էլ՝ ցեղասպանությունից մեկ դար անց, իրենք այդ հայրենիքը վերադարձնելու նպատակ ունեն։

«Մեզ հստակ ծրագիր է անհրաժեշտ, որով կկարողանանք պահանջատիրության իրավունքով ներկայանալ։ Ճանաչումը կարևոր գործընթաց է, բայց ոչ արդյունավետ։ Միայն աշխարհի կողմից ճանաչումով Թուրքիան պարտավորություն չի ստանձնելու ճանաչել իր կողմից իրականացրածը և հատուցել դրա համար։ Մենք հայրենիք ենք կորցրել, մեծ հարստությունից բացի՝ մեկուկես միլիոն հայի սպանությունը ամենամեծ կորուստն է մեզ համար։ Բայց հարյուր տարվա ընթացքում կարծես թե մարել է մեզանում իրավատիրության պահանջը։ Մենք սերունդներին պետք է փոխանցենք այդ ձգտումը՝ արդարությունը վերականգնելու»,- LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում ասաց իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում