Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է, նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ. Pastinfo.am

Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները։

Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ քանի գործուղում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդյունքում պարզվեց՝ ամենաքիչ գործուղումն ունեցել է հենց ՍԴ նախագահը. 2019-ին նա գործուղման է մեկնել 2 անգամ, որից առաջինը Սանկտ-Պետերբուրգ, երկրորդը՝ Լատվիա, 2019 թվականի նոյեմբերին։

Երկրորդ հորիզոնականում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է՝ 2019-ին գործուղման է մեկնել 6 անգամ, ընդհանուր առմամբ այս գործուղումների համար ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։

Երրորդ տեղում վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա արտասահման է մեկնել 18 անգամ և միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։

Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումների մեկնել են 23 անգամ։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Իսկ Արարատ Միրզոյանի գործուղումների օրապահիկի, ավիատոմսերի ու հյուրանոցային ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 13 մլն դրամ։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաև նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե քանի գործուղում է ունեցել և որքան գումար է ծախսվել։ Հարցմանն ի պատասխան՝ նախագահի գործուղումների կոնկրետ թիվ չի նշվել, սակայն նշել են, թե որոշ գործուղումների նա մեկնել անձնական միջոցների հաշվին: Այդուհանդերձ, պետական բյուջեից նախագահի գործուղումների համար նախատեսված 123 միլիոն 30 հազար դրամը ամբողջությամբ ծախսվել է։